ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 18-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
ՀՀ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքին հետեւելուց հետո աշակերտները մասնակցել են խորհրդարանական բաց դասին, որը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն ազատ եւ անկաշկանդ շփման նպատակով առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով:
ԱԺ նախագահի տեղակալը խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության մասին` կարեւորելով անհատի պարկեշտությունը, բանիմացությունն ու դաստիարակությունը եւ որպես օրինակ՝ ներկայացրել հայտնի քաղաքական ու պետական գործիչների ուսանելի մտքերն ու գրառումները:
Ջերմ հանդիպման ընթացքում աշակերտներն ԱԺ փոխնախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են արտագաղթին, սահմանային լարվածությանը, հայ-թուրքական եւ ռուս-թուրքական հարաբերություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին եւ աշխատատեղեր ստեղծելու հարցին:
Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: