Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին:
Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մեր երկիրը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Կարեւորելով խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ պարոն Սահակյանը նշել է, որ խորհրդարանական ձեւաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է բազմակողմ համագործակցության ձեւաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը: «Զարմանալի չէ նաեւ Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Նա եւս մեկ անգամ փաստել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է:
Յան Զահրադիլը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:
Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ կողմ է հարցի երկխոսության ճանապարհով խաղաղ կարգավորմանը՝ իրավասու կառույցների լիազորությունների շրջանակում:
Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին: