Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Կարեն Բեքարյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը ընդունել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ խորհրդարանականները վստահություն են հայտնել, որ նա կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրույցի ընթացքում պատգամավորները հետաքրքրվել են դեսպանի առաջիկա գործունեությամբ՝ առանձնացնելով տնտեսական, քաղաքական, հումանիտար-մշակութային ոլորտներում առկա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Դեսպանը ներկայացրել է երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը: Սերգեյ Մանասարյանը համաձայնել է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա եւ հավաստիացրել է, որ կանի առավելագույնը՝ նպաստելու հայ-չինական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Նա նշել է, որ կա արդեն իրականացված աշխատանք եւ համագործակցություն խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի միջեւ:
Արտակ Զաքարյանը նշել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստ է մշտապես աջակցել ՀՀ դեսպանությանն առաջիկա բոլոր նախաձեռնություններում: Նա նաեւ ընդգծել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կարեւորում են հայ-չինական հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում: