Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Հայ ասպետ» երիտասարդական ակումբի անդամների հետ:
Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել «Հայ ասպետ» հաղորդաշարի դերը պատանիների եւ երիտասարդների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ հաղորդաշարը տարիներ շարունակ հաջողություն է ունեցել, եւ հետաքրքիր է ոչ միայն պատանիների ու երիտասարդների համար, այլեւ մայրենի լեզվով եւ հայոց պատմությամբ հետաքրքրվող մարդկանց համար ընդհանրապես:
Հաղորդման հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը նշել է, որ լրանում է հաղորդման տասնամյակը, եւ խորհրդարանում հյուրընկալված երիտասարդները հաղորդման առաջին սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր արդեն «Հայ ասպետ» երիտասարդական ակումբի անդամներ են:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Արտակ Դավթյանը սիրով պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, բուհական դասագրքերին եւ օժանդակ գրականությանը, օտարալեզու դպրոցներին եւ օտար լեզուների ուսուցմամբ դասարաններին: