Ապրիլի 1-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հեղինակի առաջարկով վերոնշյալ կառույցների անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պարոն Մարուքյանն օրենսդրական առաջարկը դիտարկում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:
Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկով խնդիրներին ոչ ամբողջական լուծումներ են տրվում, մինչդեռ անհրաժեշտ են հայեցակարգային փոփոխություններ: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է հետաձգել օրենսդրական փաթեթի ընդունումը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը նշել է, որ այս պահին փաթեթի ընդունումը նպատակահարմար չէ:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ օրենսդրական փոփոխություններն իրականացվում են տեսչական բարեփոխումների շրջանակում: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը հստակեցնելու անհրաժեշտությամբ. տեսչական մարմնի անձնակազմի ձեւավորման իրավասությունը տրվելու է տեսչական մարմնի ղեկավարին, իսկ ղեկավարի եւ տեղակալի նշանակման իրավասությունը՝ ՀՀ վարչապետին:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ քննարկվող հարցին:
«Պրոբացիայի մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կստեղծվի պրոբացիայի ծառայություն, որն ընդունակ կլինի ամբողջությամբ լուծելու օրենքով պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրները եւ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները: Նախատեսվում է, որ պրոբացիայի ծառայության շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաեւ հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետեւանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ պիտի իրականացվի վերահսկողություն, անձի վերասոցիալականացում՝ նրա նկատմամբ հսկողություն, ուղղորդում եւ աջակցություն իրականացնելու միջոցով: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորները կարող են ներկայացնել հարցադրումներ ԱԺ-ում առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ցանկացած ձեւաչափով քննարկում կազմակերպելու նպատակով:
Առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Վահրամ Մկրտչյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հովհաննես Սահակյանը նշել է, որ օրինագծի նպատակն է երաշխավորել դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի եւ խնդիրների իրացում ու անձի` արդարադատության մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում:
Նշենք, որ օրինագծի վերաբերյալ կառավարության տեսակետը դրական է:
Այնուհետեւ քննարկվել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ խնդիրը երկու տարուց ավելի է արդեն քննարկվում է: Առաջարկվում է ընդլայնել վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինների շրջանակը եւ հստակեցնել 48-րդ հոդվածի ներկա կարգավորումները:
Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթներն ու օրինագծերը ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
Առաջին ընթերցումով է քննարկվել նաեւ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պատգամավորները իրավունք կունենան դիմել պատկան մարմիններին բարձրացվող հարցի վերաբերյալ համապատասխան քննարկումներ կազմակերպելու համար:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է փոփոխել պատգամավորական խմբի ստեղծման կարգը, գործող 10 պատգամավորների փոխարեն առնվազն 5 պատգամավորների մասնակցությամբ պատգամավորական խմբեր ձեւավորելու հնարավորություն ստեղծել:
Քննարկված երկու օրինագծերն էլ չեն արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչեւ մեկ տարով հետաձգվել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի, կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումները:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արաիկ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Թեւան Պողոսյանն առաջարկում է վերոնշյալ օրենքում ամրագրել, որ ՀՀ կառավարությունը վեց ամիսը մեկ անգամ սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում իրականացնում է ՀՀ քաղաքացիների /առանց տարիքային սահմանափակման/ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն, որի ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը տեղեկացրել է, որ կառավարության կարծիքը նախագծի վերաբերյալ բացասական է, քանի որ այն, ինչ առաջարկում է պատգամավորը, արդեն իսկ սահմանված է կառավարության կողմից. ըստ այդմ՝ ՀՀ ողջ տարածքում գործում են անվճար բուժկետեր եւ պոլիկլինիկաներ, որոնք տարիքային բոլոր խմբերի համար իրականացնում են պատգամավորի կողմից առաջարկվող կանխարգելիչ բուժծառայությունները: Ըստ նրա, կա այլ խնդիր. շատ դեպքերում քաղաքացիները չեն ցանկանում օգտվել բժշկական ստուգումներից, քանի դեռ հիվանդությունը լուրջ ընթացք չի ստացել: Խնդրի վերաբերյալ հանձնաժողովի փոխնախագահն ունի իր կարծիքը: Ըստ նրա, քաղաքացիները, հատկապես գյուղական համայնքներում, պակաս իրազեկված են, ուստի անհրաժեշտ է մեծացնել անվճար բուժօգնության եւ պետպատվերի վերաբերյալ տեղեկատվության ծավալները:
Քննարկման արդյունքում նախագծի հեղինակ Թեւան Պողոսյանն առաջարկել է մինչեւ մեկ տարով հետաձգել նախագծի ընդգրկումն ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերստին քննարկել նախագիծը եւ անհրաժեշտության դեպքում այն վերամշակել:
Նույն օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից որակավորվող քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության մասնագետները որակավորվում են անժամկետ, նախագծով առաջարկվում է նույն մոտեցումը կիրառել նաեւ անշարժ գույքի գնահատման մասնագետների նկատմամբ:
Նշենք, որ գործող օրենքով անշարժ գույքի գնահատումն իրականացվում է անշարժ գույքի գնահատողների կողմից, որոնք սահմանված կարգով ստացել են անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական: Գնահատողի որակավորման վկայականի ստացման գործընթացը տեւում է 23 օր եւ դրա համար վճարվում է 23.000 դրամ պետական տուրք:
Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ առայժմ կընդգրկվի Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, նախագծում առկա է խնդրահարույց դրույթ, որն անհրաժեշտ է մեկ անգամ եւս քննարկել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: Ըստ նախարարի` ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ եւ ըստ ընկերության ծրագրի, որը հավանության է արժանացել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կողմից, նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016 թ. տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազար տոննայի եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, սակայն ընկերության գույքն ու հաշիվները գտնվում են արգելանքի տակ եւ գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը: Ուստի կառավարությունն առաջարկում է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանն ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ փաստաթղթով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 21 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ? բարելավելու հանրային ֆինանսական հաշվետվությունների որակը եւ ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիությունը: Ծրագիրը բաղկացած է 4 մասից՝ պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր, ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված էլեկտրոնային կառավարման լուծումներ, կարողությունների զարգացում եւ կարողությունների ստեղծման փոքր միջամտություններ եւ ծրագրի կառավարում:
Այնուհետեւ հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Նախատեսվում է, որ Եվրասիական զարգացման բանկը 20 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարձրացնելու ոռոգման համակարգերի արդյունավետությունը, ընդլայնելու ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնելու ջրօգտագործողների միավորումների կառավարչական կարողությունները, բարձրացնելու տեխնիկական հագեցվածությունը եւ ստեղծելու ՋՕՄ ֆեդերացիաներ: Մասնավորապես նախատեսվում է 70.4 կմ ընդհանուր երկարությամբ 8 ինքնահոս համակարգերի նախագծում, վերահսկողություն եւ շինարարություն, մայր ջրանցքների եւ երկրորդ շարքի ջրանցքների վերականգնում, 27 ընտրված ՋՕՄ-ներում մոտ 277,8 կմ ներտնտեսային ցանցի նախագծում եւ վերականգնում, 12 համայնքներում կաթիլային ոռոգման համակարգերի ներդնում:
Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:
Պատգամավորները Սուքիաս Ավետիսյանի ներկայացմամբ ուսումնասիրել են ՀՀ Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները եւ չգտնելով որեւէ չարաշահում՝ ընդունել են ի գիտություն:
Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է Բյուջետային գրասենյակի՝ առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ՀՀ Սահմանադրության 77-րդ հոդվածով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 10-րդ, 11-րդ գլուխներով եւ 101-րդ հոդվածով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար Ազգային ժողովում կազմավորվել է փորձագետների աշխատանքային խումբ (Բյուջետային գրասենյակ):
Գագիկ Բարսեղյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակի գործունեությունն իրականացվել է 3 ուղղություններով` տեղեկանքների պատրաստում եւ տրամադրում, աջակցություն պատգամավորներին եւ ներգրավվածություն այլ աշխատանքներում: Բյուջետային գրասենյակը, հաշվետու ժամանակահատվածում իրականացնելով իր գործառույթները, հարցումների հիման վրա պատրաստել է շուրջ 60 տեղեկանք՝ ներառելով համեմատական վերլուծություններ եւ դրանք տրամադրել խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովներին: Պատրաստվել են նաեւ ոլորտային եւ ՀՀ 2016 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին եւ պետական պարտքին վերաբերող տեղեկանքներ, որոնք եւս տրամադրվել են ԱԺ հանձնաժողովներին:
Փորձագետը տեղեկացրել է, որ գրասենյակի ինտերնետային էջի գործարկումից հետո տեղեկատվությունը կտեղադրվի այդ էջում եւ հասանելի կլինի հանրությանը:
Հանձնաժողովը դրական է գնահատել առաջին եռամսյակում գրասենյակի իրականացրած գործունեությունը: