Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը եւ կարեւորել հունական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին եւ գլոբալ համաժողովին: Նա երախտիքի խոսք է հայտնել Հունաստանի իշխանություններին Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հարցում օժանդակության համար՝ նշելով, որ Հունաստանը ոչ միայն դատապարտել է, այլեւ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիային, խոսել Ադրբեջանի գործողություններում նկատված ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագրի մասին: Այս համատեքստում պարոն Շարմազանովը կարեւորել է այդ դեպքերի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հասցեական գնահատական հնչեցնելը:
Զրուցակիցները միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման տեսանկյունից անհրաժեշտ են համարել հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքն ու փոխգործակցության առավել խորացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում հունական համայնքի գործունեությանը, տարածաշրջանային խնդիրներին, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանը եղել է, կա ու կլինի հույն ժողովրդի բարեկամը: