Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Քվեարկության արդյունքում երրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Հրազդան-ցեմենտ» փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է երկու քաղաքացի. պարոն Շարմազանովը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է առողջություն ու շուտափույթ ապաքինում:
Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ երեկ երեկոյան եւ այսօր գիշեր լարված է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: «Ադրբեջանը, նենգորեն խախտելով նաեւ իր կողմից Մոսկվայում ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը, հրետանու գրեթե բոլոր միջոցներով ռմբակոծել է, որի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Պարոն Շարմազանովը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ. նշվել է, որ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը եւ բանակը լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին:
Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ Ընտրական օրենսգիրքը քաղաքական եւ իրավական տեսանկյունից ամենակարեւոր իրավական ակտն է եւ նախագծին անդրադարձել է հենց քաղաքական ու իրավական համատեքստում: Անդրադառնալով կատարված փոփոխություններին՝ պարոն Սահակյանը ներկայացրել է մասնավորապես էլեկտրոնային գրանցման մեխանիզմի, մատնահետքերի համակարգչային համադրման առանձնահատկությունները՝ նշելով, որ վերահսկողության նման մեխանիզմների կիրառումը կբացառի կրկնակի քվեարկության հնարավորությունը: Նա ներկայացրել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորման կարգը. ԿԸՀ 7 անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: Պարոն Սահակյանը խոսել է նաեւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված քայլերից՝ նշելով, առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հանձնաժողովում նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի ապրիլի 27-ի նիստում:
Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին: