Մայիսի 5-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հայաստան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում ԳԴՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ինչպես նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանող մի խումբ գերմանացի ուսանողներ:
Ողջունելով հյուրերին՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Վայլերին՝ հայանպաստ գործունեություն իրականացնելու համար: Ռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունն ու համագործակցությունը եվրոպական առաջատար երկրների, այդ թվում՝ Գերմանիայի բարձրագույն կրթական հաստատությունների հետ:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը ողջունել է Ալբերտ Վայլերի այցը Հայաստան՝ որպես մեր պետության ու ժողովրդի լավ բարեկամի եւ հմուտ քաղաքական գործչի:
Արտակ Դավթյանը հատկապես կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ալբերտ Վայլերի իրականացրած ջանքերն ու հետեւողական աշխատանքը: Վերհիշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Ալբերտ Վայլերի ելույթը՝ Արտակ Դավթյանը եւս մեկ անգամ կարեւորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Արտակ Դավթյանը կարեւորել է նաեւ Բունդեսթագում այս տարվա հունիսին սպասվող Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ բանաձեւի քննարկումը:
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ հայ-գերմանական բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հայաստան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին շնորհվել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Ալբերտ Վայլերը, շնորհակալություն հայտնելով պատվավոր դոկտորի կոչմանն իրեն արժանացնելու համար, հույս է հայտնել, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ փաստաթուղթը համապարփակ քննարկման կարժանանա:
Ըստ նրա՝ բանաձեւում կամրագրվի «Ցեղասպանություն» եզրույթը: Նշենք, որ Բունդեսթագի պատգամավորը Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով հայտնվել է Ադրբեջանի այսպես ասած «սեւ ցուցակում»:
Ալբերտ Վայլերն անդրադարձել է նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացմանը, ինչպես նաեւ երկու երկրների համալսարանների միջեւ իրականացվող փոխանակման ծրագրերին:
Հանդիպման ավարտին Ալբերտ Վայլերը շրջել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, շփվել ուսանողների հետ: