Մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:
Նիստի մեկնարկին երիտասարդ խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը:
Երիտասարդական խորհրդարանի նիստին մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը եւ Միլդա քաղաքի շուրջօրյա դպրոցի աշակերտները:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը համառոտ ներկայացրել է գերմանացի պատգամավորի հայանպաստ գործունեությունը:
Ողջունելով Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ազգերի բարեկամության հարատեւության հիմքում ընկած են երիտասարդների շփումներն ու փոխայցերը. այդ է պատճառը, որ իր հետ այս անգամ Հայաստան են այցելել իր հայրենի Միլդա քաղաքի մի խումբ դպրոցականներ: Հայաստանում գտնվելու օրերին գերմանացի դպրոցականները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը եւ բազմադարյան մշակույթին: Նորաստեղծ գերմանա-հայկական ֆորումը հնարավորություն է տալիս ընդլայնելու կապերը, ստեղծելու նոր շփումներ, կյանքի կոչելու բազմաթիվ նոր ծրագրեր: Ալբերտ Վայլերն իր երախտագիտությունն է հայտնել Արտակ Դավթյանին՝ ընձեռված հնարավորության համար եւ նշել, որ գերմանա-հայկական ֆորումը զբաղվում է մշակութային, կրթական, տնտեսական հարցերով, ինչպես նաեւ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացով: Ալբերտ Վայլերը խոսել է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանության ընդունմանը վերաբերող բանաձեւի մասին: Հանդիպման ավարտին գերմանացի պատգամավորը սիրով պատասխանել է Երիտասարդական խորհրդարանի անդամների հարցերին:
Երիտասարդ խորհրդարանականներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ նիստում քննարկված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Այնուհետեւ երիտասարդ պատգամավորները քննարկել են Խաչատուր Մարգարյանի, Ալեքսան Հովհաննիսյանի, Վարդուհի Սարգսյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ նախատեսվում է երիտասարդների առողջության պահպանման կանխարգելիչ բաղադրիչը դարձնել պարտադիր եւ միեւնույն ժամանակ դրա ֆինանսական բեռը հնարավորության սահմաններում թեթեւացնել: Օրենքի նախագիծը նախատեսում է կանխարգելիչ բուժական միջոցառումների ֆինանսական ծավալների առավելագույն չափեր՝ ըստ երիտասարդի կարգավիճակի: Մասնավորապես, ուսանողների առողջության պահպանման երաշխավոր պետք է դառնան բուհերը, քանի որ հենց ուսման գործընթացում է տեղի ունենում երիտասարդի առողջության զգալի վատթարացում:
Երիտասարդ պատգամավոր Արտաշես Խալաթյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակի տեղեկացմամբ՝ փոփոխությամբ դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել լրացուցիչ ապացույցներ: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ապացույցին ծանոթանալու համար:
Քննարկվել է նաեւ Էդգար Հակոբյանի հեղինակած «Եկամտային հարկի օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Էդգար Հակոբյանի՝ կարգավորման նպատակն է Հայաստանի պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ վճարովի համակարգի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողներին աջակցելը եւ գիտելիքահեն ներուժի զարգացմանը նպաստելը:
Երիտասարդ պատգամավորները քննարկել են նաեւ Պարույր Խաչատրյանի հեղինակած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Պարույր Խաչատրյանը նշել է, որ նախագծով նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջեւ դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:
Օրհներգի հնչյունների ներքո Երիտասարդ խորհրդարանն ավարտել է նստաշրջանի աշխատանքը: