National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.05.2016
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 10-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանը հաստատել է արտահերթ նիստի, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու մասին որոշման նախագծերը: ԱԺ որոշմամբ՝ «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» նախագծի երրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի առաջին օրը կանցկացվի 3 նիստ՝ 1,5 ժամ տեւողությամբ, երկրորդ օրվանից սկսած, յուրաքանչյուր օր կգումարվի 4 նիստ՝ 1,5 ժամ տեւողությամբ եւ կեսական ժամ ընդմիջումներով: Մայիսի 11-ից ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը կսկսվի ժամը 11-00-ին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը երկարաձգել՝ «2017 թվականի» բառերը փոխարինելով «2018 թվականի» բառերով: Ըստ նախարարի՝ փոփոխությունը պայմանավորված է հարկային օրենսդրության էական փոփոխություններով, որը նախատեսվում է ավարտել 2017 թվականի վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նշենք, որ այժմ այս պարտադիր սոցիալական վճարը գանձվում է պետական համակարգի աշխատակիցներից: Քննարկումից պարզ է դարձել, որ առայսօր աշխատողներից այս գծով գանձվել է 18 մլրդ դրամ, որը կրկնապատկվել է պետական բյուջեի հաշվին:

Հիմնական զեկուցողին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են փոփոխության նպատակներին, պետական համակարգի աշխատակիցներից գանձվող գումարների օգտագործմանը, 1974 թվից հետո ծնված եւ կամավոր կուտակային սոցիալական վճար կատարող անձանց թվին, ժամկետի տեղափոխման քաղաքական հնարավոր դրդապատճառներին, գանձված գումարների կառավարմանը, համակարգի վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության պակասին, այլ երկրների փորձին, ներդրված գումարների ապահովվածությանը, առողջապահական ապահովագրության անհրաժեշտությանը եւ այլն:

Նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանի կարծիքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը խիստ կարեւոր, ինչ որ չափով նաեւ ուշացած բարեփոխում է: Ըստ նրա՝ ժամկետի երկարաձգումը պայմանավորված չէ քաղաքական հանգամանքներով:

Կողմ լինելով հետաձգման առաջարկին՝ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համակարգի ընտրությունը պետք է լինի կամավոր: Պատգամավորը հույս է հայտնել, որ հաջորդ գումարման խորհրդարանը կվերանայի բարեփոխումը կամ կհանի օրենքը շրջանառութունից: Մհեր Շահգելդյանը կարեւորել է նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը 1 տարով երկարաձգելու առաջարկը: Նա խոսել է ոլորտում միջազգային փորձի մասին՝ նշելով, որ ներկայացված տարբերակով համակարգը չի աշխատել այլ երկրներում: Միքայել Մելքումյանն իրականացվող բարեփոխումը համարել է չհաջողված: Նա նշել է, որ կողմ է քվեարկելու օրինագծին: Ըստ Հեղինե Բիշարյանի՝ սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանն անընդունելի է եւ հակասահմանադրական: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հասարակության մեջ ցանկացած փոփոխության նկատմամբ կա անվստահություն, ինչը հնարավոր է հաղթահարել միայն գործնական քայլերով: Պատգամավորը ճիշտ չի համարել պետական գերատեսչություններում եւ մասնավոր սեկտորում աշխատող անձանց միջեւ անհավասար պայմանների ստեղծումը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է ժողովրդի սոցիալական ծանր վիճակն էլ ավելի բարդացնող քայլերի հետաձգմանը, միեւնույն ժամանակ չի կարող կողմ քվեարկելով պատասխանատվություն ստանձնել անհետեւողական, չհիմնավորված ժամանակավրեպ ռեֆորմի իրականացման համար: Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանը պարզաբանումներ է տվել ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Խոսելով նախաձեռնությունից եւ դրա տրամաբանությունից՝ նախարարը նշել է, որ այն, առաջին հերթին, միտված է ապահովելու ռեֆորմների սահուն ընթացքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, եւ ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ որեւէ մեկը դեմ չէ աշխատատեղերի ստեղծմանը, սակայն հստակ չէ այն հարցը՝ կա արդյոք իրական գնորդ, ով կերաշխավորի, որ գործարանը վերագործարկվելու է եւ աշխատատեղեր են ստեղծվելու: Խմբակցության ղեկավարը կարեւորել է այդ հարցի պարզաբանումը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ սա տնտեսության բարելավման ծրագիր է: Պարոն Բաղդասարյանի համոզմամբ՝ տույժերից ազատելով՝ իշխանությունը նպատակ ունի նպաստել աշխատատեղերի ստեղծմանը եւ ներդրումների խրախուսմանը: Նա ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում բոլոր առաջարկները կքննարկվեն եւ հավելել, որ ՀՀԿ խմբակցությունը ողջունում է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցումով ներկայացրել է նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ փաթեթի հիմնական նպատակը Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար բարենպաստ իրավական միջավայրի ստեղծումն է: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առեւտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ եւ արտերկրի գործարարների միջեւ առավել սերտ կապերի հաստատմանը եւ ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը: Կարգավորվում է նաեւ էլեկտրոնային հարթակներում վաճառվող ապրանքների փոխարինումը կամ վերադարձը, վաճառողի կողմից սպառողին տեղեկատվության տրամադրումը:

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն:  

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 11-ին:


10.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 10-12-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արամ Ման...

10.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Մայիսի 10-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է 3 վարկային համաձայնագիր: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 20...

10.05.2016
Տեղեկատվություն
Մայիսի 11-ին՝ ժամը 09:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը: Նշենք, որ նիստի աշխատանքներին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կ...

10.05.2016
Ֆրանսիայում կայացել է ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների նիստը
Մայիսի 2-4-ը Կապ Բրըտոնում (Ֆրանսիա) տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների նիստը, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: Նշենք, որ նիստին մասնակցում էին 15 երկրների պատվիր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am