Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը կրում էր «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել եւ իրականացրել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակն ու «ՕքսԵՋեն» հիմնադրամը: Ցուցահանդեսին որպես բնորդներ ներկայացված են քաղաքական, մշակութային ու այլ ոլորտներ ներկայացնող գործիչները: Լուսանկարներում բոլոր մասնակիցները հավասարության նշանով ընդգծել են իրենց ասելիքը՝ այն է՝ կանայք եւ տղամարդիկ հավասար են: Ցուցահանդեսի նպատակն է համատեղ բարձրաձայնել ու կարեւորել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին եւ խոսել այն քայլերի մասին, որոնք կնպաստեն օրենսդիր մարմնում նրանց առավել ներկայացվածությանը: Ի դեպ, ցուցահանդեսը համընկել եւ անցկացվել է խորհրդարանում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման ընդունմանը զուգահեռ:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Կարեւորելով միջոցառման դերը՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մեր երկրում կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության գործում այսօր զգալի առաջընթաց է արձանագրված: «Հավասար իրավունքներն այլեւս թղթի վրա չեն»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ ներկայում կանանց մեծ ներուժ կա նաեւ հասարակական ու հանրային հատվածում, որտեղ կանայք կարեւոր աշխատանքներ են կատարում: ԱԺ փոխնախագահն իր ելույթում անդրադարձել է նաեւ վերջին շրջանում խորհրդարանում կանանց թվի ավելացման փաստին եւ ընդգծել, որ դա հիմնականում ապահովել է իշխող կուսակցությունը:
Միջոցառման ավարտին Հերմինե Նաղդալյանը նշել է, որ կնոջ դերը քաղաքականության մեջ ինքնանպատակ չէ, քանի որ նրանց շնորհիվ ցանկացած սուր անկյուն հարթվում է: