National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.05.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են գերմանական պատվիրակության հետ
1 / 3

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխհարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ: Նա նշել է, որ մինչ օրս հայ-գերմանական հարաբերությունները զարգացել են բավականին ակտիվ, փոխըմբռնման եւ բարեկամության ոգով:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու պետությունների խորհրդարանների միջեւ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում, որոնց արդյունավետությունն ապահովվում է երկուստեք հաճախակի փոխայցերով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ գնահատելի է այն հանգամանքը, որ տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից հարցի առնչությամբ ցուցաբերվել է հավասարակշռված դիրքորոշում: Ընդգծվել է նաեւ այն հանգամանքը, որ Գերմանիան մշտապես իր աջակցությունն է հայտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Արտակ Զաքարյանը նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման համար, եւ որ գերմանական նախագահությունը ԵԱՀԿ-ում այդ առումով անելիքներ ունի: Ադրբեջանը պետք է հասցեական գնահատականներ ստանա՝ որպես ապակառուցողական եւ ագրեսիվ գործողությունների հեղինակ:

Հարցի կապակցությամբ խիստ կարեւորվել է նաեւ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիթորինգի վերսկսումը:

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ջանքերը եւ նշել, որ խիստ կարեւորում է միջազգային հանրության վերաբերմունքը Արցախի ժողովրդի իրավունքը հարգելու հարցում: Շիրակ Թորոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ձեռքբերված պայմանավորվածությունները:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը երկխոսության զարգացման գործում:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը՝ նշելով, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առեւտրային գործընկերն է, ինչն արդեն իսկ կարեւոր ցուցանիշ է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Գերմանիայի դերը ցեղասպանությունների՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում: Կարեւորվել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում` «Ցեղասպանություն» տերմինի կիրառման հետ կապված: Արտակ Զաքարյանը հարցի կապակցությամբ հույս է հայտնել, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը կունենա իր դրական արդյունքն ու հետեւանքները: Նշվել է նաեւ, որ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր գործոններ են ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման համար:

Արտակ Զաքարյանն նաեւ իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի եւ Արցախի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման կապակցությամբ: Նա նշել է, որ այցն Արցախ հնարավորություն կտա տեղում տեսնել ու համոզվել, որ Արցախն արդեն իսկ ժողովրդավարական կայացած պետություն է:

«Հայաստանի Հանրապետության խորհրդարանը եւ խորհրդարանական պատվիրակությունները պատրաստ են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ երկուստեք կարեւորության հարցերում կառուցողական համագործակցության եւ սահմանած բոլոր խնդիրներում գործուն աջակցության»,- իր խոսքում նշել է Արտակ Զաքարյանը:

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն նշել է, որ իր կուսակցությունը ձգտում է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ ընդունվելիք բանաձեւում Գերմանիայի՝ այդ իրադարձությանը մասնակցության եւ պատասխանատվության հարցի մատնանշմանը: Նա նաեւ նշել է, որ իրենք աջակից են ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am