Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ վերահսկիչ պալատի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների հետ, սոցիալական ծառայությունների տարածքային կառույցներում հայտնաբերված չարաշահումներին, գնումների գործընթացի իրականացմանն ու կարգավորմանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ հանձնաժողովը մանրամասն քննարկել է հաշվետվությունը եւ ընդունել ի գիտություն:
Հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:
Լեւոն Դոխոլյանն անդրադարձել է 2015 թ-ի հաշվետվությունում տնտեսական ոլորտի ներառմանը, ինչպես նաեւ նախարարություններում իրականացված ոլորտային ստուգումներին: Միքայել Մելքումյանն անդրադարձել է գյուղատնտեսական ոլորտին՝ մասնավորապես «Հայկական միրգ» ԲԲԸ աշխատանքի անարդյունավետությանը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Վերահսկիչ պալատի խորհրդի գործունեությանը, խոսել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտությունից: Թեւան Պողոսյանն անդրադարձել է ֆինանսների հանրային վերահսկողության հարցին, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի հաշվետվության ծավալին: Սամվել Նիկոյանն անդրադարձել է Ազգային ժողովի եւ Վերահսկիչ պալատի համագործակցությանը, բյուջետային միջոցների ծախսերին, ինչպես նաեւ ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունները ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով ներկայացմանը: Մհեր Շահգելդյանն անդրադարձել է հաշվետվությունում ներկայացված փաստերին, թվերին ու համակարգային մի շարք խնդիրների: Պարոն Շահգելդյանը խոսել է վարկային միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործումից, ջրային տնտեսության հիմնախնդիրներից: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ գնումների գործընթացում միջնորդ կազմակերպությունների եւ ծառայությունների գործունեության հետ կապված հստակ հաշվետվություն պետք է լինի եւ ներդրվի նոր համակարգ: Հեղինե Բիշարյանի համոզմամբ՝ կան որոշ գերատեսչություններ, որոնց գործունեության ոլորտներում բարեփոխումներն ակնհայտ են, ինչը պատգամավորը պայմանավորել է այդ գերատեսչությունների ղեկավարների աշխատանքով: Նա կարեւորել է պայքարը կոռուպցիայի դեմ, խոսել գնումների գործընթացում առկա խնդիրներից: Տիկին Բիշարյանի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչ նոր գործիքներ են անհրաժեշտ իրական բարեփոխումներ արձանագրելու համար:
Արտահերթ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներին:
Կենսաթոշակային ոլորտի համակարգային խնդիրներին անդրադառնալով՝ Արտեմ Ասատրյանը պարզաբանել է, որ խնդիրներին տրվել են համակարգային լուծումներ՝ ստեղծելով նոր ինքնաշխատ տեղեկատվական կենտրոնացված համակարգ, որն էլ այդ համակարգային խնդիրները հասցրել է նվազագույնի:
Նախարարի խոսքով՝ գործող տեղեկատվական շտեմարանները նվազագույնի են հասցնում ռիսկերը եւ ապահովում, որ ծառայությունները մատուցվեն ավելի արդյունավետ:
Նախարարի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանի երկու մարզերում ստուգումներ են իրականացվել ընտանեկան նպաստի ոլորտում, որի արդյունքում երեք տնօրեններ ազատվել են աշխատանքից, իսկ երեք տնօրեն եւ տասնմեկ պաշտոնատար անձ ստացել խիստ նկատողություն:
Անդրադառնալով սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը՝ Արտեմ Ասատրյանը շեշտել է, որ այն ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրի անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացրել ՎՊ մասնագետների հետ ինչպես դիտարկումների եւ ուսումնասիրությունների փուլում, այնպես էլ եզրահանգումները կազմելիս: Նա ընդգծել է, որ ուսումնասիրությունների արդյունքներն առողջապահության ոլորտի զարգացման հարցում ունեցել են դրական ազդեցություն: Նախարարն անդրադարձել է ՎՊ-ի կողմից Հայաստանում դեղերի շրջանառության օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ կատարված ուսումնասիրություններին եւ խոսել ներմուծման գների ու գնումների կազմակերպման գործընթացից: Պարոն Մուրադյանի խոսքով՝ ՎՊ-ի հետ առողջապահության նախարարության աշխատանքը շարունակական եւ կառուցողական բնույթ է կրում:
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով ՎՊ հաշվետվություններում նախկինում ներկայացված կոռուպցիոն դրսեւորումների մասին, ընդգծել է, որ դրա արդյունքում, սակայն, ոչ ոք չի պատժվել եւ ոչինչ չի փոխվել: Պարոն Զուրաբյանը խոսել է ՎՊ-ի դերի, նշանակության եւ գործառույթների մասին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խոսել է հաշվետվությունում գյուղատնտեսության, էներգետիկայի, շինարարության, գազամատակարարման ոլորտներում մատնանշված խնդիրներից եւ առաջարկներ ներկայացրել ՎՊ հետագա գործունեության առավել արդյունավետ իրականացման առնչությամբ: Նա Վերահսկիչ պալատին առաջարկել է համագործակցել համապատասխան կառույցների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ ՀՀԿ նիստում ՎՊ նախագահի եւ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խնդիրը քննարկվել է, ՀՀԿ անդամները ներկայացրել են իրենց մտահոգությունները: Պարոն Բաղդասարյանը վստահեցրել է, որ ՎՊ-ի հետ համագործակցության արդյունքում դրական արդյունքներ առաջիկայում եւս կարձանագրվեն եւ հավելել, որ ՀՀԿ-ն ի գիտություն է ընդունում հաշվետվությունը:
Եզրափակիչ ելույթներում Սուքիաս Ավետիսյանը եւ Իշխան Զաքարյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին եւ առաջարկներին:
Նշենք, որ համաձայն «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 101-րդ հոդվածի՝ հարցի քնարկումն ավարտվում է հարակից եւ հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով՝ առանց փաստաթղթի ընդունման:
Այնուհետեւ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն): Նշենք, որ այս հարցի քննարկումը եւս ավարտվում է հարակից եւ հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով՝ առանց փաստաթղթի ընդունման:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 2015 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի զարգացումները, ԿԲ վարած հարկաբյուջետային քաղաքականությունը: Զեկուցողի գնահատմամբ՝ 2015 թվականի ընթացքում ապահովվել է գների կայունություն, նվազել են հասարակության շրջանում գնաճային սպասումները:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մայիսի 19-ի նիստում:
Վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն պատասխանել են պատգամավորների հարցերին: