ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին խորհրդարան էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներն ու դասախոսները:
Հանդիպումից առաջ ուսանողները շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ լիագումար նիստի աշխատանքներին, ծանոթացել նիստերի դահլիճին կից սրահում ներկայացված «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագիրը կրող ցուցահանդեսին:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է սերունդների հայրենասիրական դաստիարակությանը, հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրմանը, պետական կառավարման ապարատում ծախսերի կրճատմանը, անդրադարձել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության խնդիրներին:
Այցի ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: