Մայիսի 23-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Միքայել Մելքումյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ:
Ողջունելով հյուրին՝ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը կարեւորել է Քրիստիան Վիգենինի այցը Հայաստան, որը տեղի է ունենում մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո:
Արտաշես Գեղամյանը կարեւորել է Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ կարեւորվել է պահպանել 1994 թվականին ստորագրված զինադադարի եւ 1995 թվականին ստորագրված զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը:
Արտաշես Գեղամյանն ընդգծել է հակամարտության գոտում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա՝ կարեւոր է, որպեսզի միջազգային հանրությունը հասցեական գնահատական տա հրադադարի խախտումներին:
Արտաշես Գեղամյանը եւս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավման անհրաժեշտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն անդրադարձել է հակամարտության կարգավորման շուրջ դրական զարգացումներին, որոնք նկատելի են մայիսի 16-ի Վիեննայի հանդիպումից հետո: Քրիստիան Վիգենինը, կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, շեշտել է նաեւ ԽՎ-ի դերը ինչպես ԼՂ հակամարտության կարգավորման, այնպես էլ այլ խնդիրների քննարկման ու լուծման գործում:
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանն ու Միքայել Մելքումյանը մեկ անգամ եւս վերահաստատել են ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորելու Հայաստանի դիրքորոշումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մեր երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին , ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացին: