Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2015 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2015 թվականին առողջապահության ոլորտում կատարվել է 86.1 մլրդ դրամի ծախս, կատարողականը՝ 99.8 տոկոս:
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին արտահիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորումը կազմել է 28 մլրդ դրամ՝ կատարողականը՝ 99.2 տոկոս, հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ընդհանուր ծախսերը՝ 40 մլրդ դրամ, հանրային առողջապահական ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են 5.3 մրդ դրամ, այլ դասերին չպատկանող առողջապահության խմբի շրջանակներում ֆինանսավորվել է 19 ծրագիր՝ հինգը վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր:
Ըստ առողջապահության փոխնախարարի՝ տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, նեղ մասնագետների, մանկաբարձ գինեկոլոգի, բուժակ մանկաբարձական կետերի, դպրոցների բուժքույրերի կողմից բժշկական օգնությունն եւ սպասարկումը հանրապետության բնակչությանը մատուցվել է անվճար:
Վահան Պողոսյանը նշել է, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով 2015 թվականի հունվարի 1-ից «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվել է սքրինինգային ծրագիր, որի շրջանակում 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու ախտորոշման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման անվճար հետազոտությունների:
Բնակչության ընդհանուր խմբերին, հղիներին եւ կանանց, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց 2015 թվականին մատուցվել են շուրջ 4 մլն լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ, որոնց ծախսը կազմել է 3,6 մլրդ դրամ: Շտապօգնության ծառայությունում սպասարկվել է 477.300 կանչ` ծախսերը կազմե է 3,3 մլրդ դրամ:
2015 թվականին, Վահան Պողոսյանի դիտարկմամբ, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված 66.5 հազ. անձանց ծախսերը կազմել են 862, 5 մլն դրամ, «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ծախսերը կազմել են 2.3 մլրդ դրամ, բուժօգնություն է մատուցվել 9.8 հազ. հիվանդի:
Վահան Պողոսյանը տեղեկացրել է, որ սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացման նպատակով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 951.1 մլն դրամ, բուժօգնություն է մատուցվել 1.4 հազ. հիվանդի, անպտուղ զույգերի համար նախատեսվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ . այդ նպատակով հատկացվել է 78.6 մլն դրամ:
«Արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներ» ծրագրի շրջանակում արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստվել են մարզերի 2 բժիշկ վնասվածքաբաններ, ծախսը կազմել է 6 մլն դրամ:
Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է գերատեսչություններին հատկացված ծախսերի կատարման հաշվետվությունը եւ նշել, որ հաշվետու տարում իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը, որոնց վճարումները կատարվել են ամբողջ ծավալով եւ ժամանակին:
ՀՀ գլխավոր գանձապետը տեղեկացրել է, որ 2015 թվականին ՀՀ ԿԳ նախարարությանը հատկացվել է 40,8 միլիարդ դրամ, իրականացվել է 75 ծրագիր՝ ապահովելով 101,84 տոկոս կատարողական, ինչը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերով: Այս ոլորտում մեծ տեսակարար կշիռ ունեն բյուջետային դասակարգման կրթություն բաժնում իրականացված ծրագրերը, որոնց հատկացվել է 39 միլիարդ դրամ:
Նրա տեղեկացմամբ՝ Գիտության պետական կոմիտեին հատկացվել է 12,7 միլիարդ դրամ, որով իրականացվել է 14 ծրագիր. արձանագրվել է 99,2 տոկոս կատարողական: Պահուստային ֆոնդից տրամադրվել է 10 միլիոն դրամ:
ՀՀ սփյուռքի նախարարությունն անցյալ տարի իրականացրել է 17 ծրագիր` ծախսելով 987 միլիոն դրամ եւ ապահովելով 92 տոկոս կատարողական: Ընդ որում, պետական հատկացումներից որոշակի միջոցներ կրկին տնտեսվել են նախարարության կողմից: Պահուստային ֆոնդից հատկացվել է 24,7 միլիոն դրամ:
ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացրել է 48 ծրագիր` ծախսելով բյուջեով նախատեսված 17,3 միլիարդ դրամ, ապահովելով 99,6 տոկոս կատարողական եւ 3,1 տոկոսով գերազանցելով ծրագրային ցուցանիշը :
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2015 թվականին իրականացրել է 31 ծրագիր? ծախսելով 5,8 միլիարդ դրամ: Այս ոլորտում ծրագրերի կատարողականը 98,9 տոկոս է: Երիտասարդական ծրագրերի համար նախատեսված է եղել 265 միլիոն դրամ, որն օգտագործվել է 95 տոկոսով:
Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հաշվետու տարում հատկացվել է 283 միլիոն դրամ, որից օգտագործվել է 279 միլիոնը՝ ապահովելով 98,6 տոկոս կատարողական: Բացի այդ, հանձնաժողովին 8 միլիոն դրամ հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից:
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը պետական բյուջեից հատկացվել է 6,3 միլիարդ դրամ, որով իրականացվել է 13 ծրագիր՝ ապահովելով 99,8 տոկոս կատարողական:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները ներկայացրել են հաշվետու տարում իրականացված ծրագրերը, շարունակական ծրագրերի գրանցած հաջողությունները եւ պատասխանել են պատգամավորների հարցերին: