National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.05.2016
Երեւանում բացվել է Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշարձանը
1 / 4

Մայիսի 28-ին Երեւանում տեղի է ունեցել պետական, ռազմական եւ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, քաղաքացիներ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիմելով ներկաներին՝ նա ասել է.

«Այսօր՝ մայիսի 28-ին՝ հայ ժողովրդի փրկության եւ վերածննդի տոնին, մայրաքաղաք Երեւանի սրտում բացվում է մեծ զինվորական, մեծ ուսուցիչ, ազգային բարոյախոս ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Մի գործչի հուշարձան, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է երկու հենարաններին՝ Աստծուն եւ հայրենիքին. մի գործչի հուշարձան, որը եղել է Մայիսյան հերոսամարտերի կրողներից եւ ղեկավարներից մեկը, որովհետեւ նա գիտակցեց, որ հայոց ոգին, քրիստոնեական ոգին, տարոնական ոգին հավիտենական է: Մայիսյան հերոսամարտերից հետո Նժդեհն իր Դավիթբեկյան Ուխտերով սյունեցիների հետ հաղթանակեց Լեռնահայաստանում: Հաղթանակեց, որովհետեւ հասկանում էր եւ գիտակցում, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում դրա պակասից: Հաղթեց, քանի որ գիտակցում էր, որ անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ, որ մուրացկանին տալիս են անկելանոց, բայց ոչ երբեք անկախ հայրենիք: Գիտակցեց, որ մենք պետք է լինենք մեր ճակատագրի դարբինը: Այնուհետեւ, 30-ական թվականներին, Նժդեհը նորից գործունեություն ծավալեց սփյուռքահայ գաղթօջախներում՝ Բոստոնից մինչեւ Սոֆիա, որպեսզի հայ նոր սերունդը հավատարիմ մնա հայոց սրի եւ հայոց խաչի գաղափարներին: Եվ այսօր պատահական չէ նաեւ Գարեգին Նժդեհի արձանի ընտրված վայրը: Գարեգին Նժդեհի հերոսը, ինչպես ինքը կասեր, հայոց ճշմարիտ հերոս Վարդան Մամիկոնյանն էր: Եվ այսօր, մահ իմացյալ անմահության մեջ Վարդանը եւ Մամիկոնյան Ուխտի Գարեգին Նժդեհը նայում են իրար դարերի խորքից՝ իրար ասելով՝ մենք ունենք ալեւս ազատ ու անկախ Հայաստան: Այդ ոգին էր, որ հաղթեց Արցախյան հերոսամարտում, այդ ոգին էր, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր 21-րդ դարի Ցեղակրոն Ուխտերը, Դավիթբեկյան Ուխտերը, Առաքելական-Տարոնական ուխտերը ապացուցեցին Արցախում»:

ԱԺ փոխնախագահն իր խոսքն ավարտել է Նժդեհի մարգարեական խոսքերով. «Պիտի ապրի հայ ժողովուրդը, պիտի ապրի, քանի որ այդպես է ուզում ինքը»:

Նշենք, որ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող արձանի հեղինակներն են քանդակագործ Գագիկ Ստեփանյանը եւ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը: Տեղեկացնենք, որ հուշարձանը տեղադրվել է Երեւանի Նալբանդյան եւ Հանրապետության փողոցների միջեւ ընկած հատվածում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am