Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Պատգամավորների հարցերին պատասխանել է հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Հարակից զեկույցում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը:
Նա տեղեկացրել է, որ արտաքին աշխարհի ոչ բարենպաստ տնտեսական զարգացումների պայմաններում 2015 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 3 տոկոս:
Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանի տնտեսական զարգացումներն ընդհանուր առմամբ պայմանավորված էին վերջին հինգ տարիների ընթացքում տեղական եւ օտարերկրյա ներդրումների կրճատմամբ, որին ավելացել է նաեւ դեռեւս 2014 թվականին սկսված եւ 2015 թվականին շարունակված Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազեցման հետեւանքով տնային տնտեսությունների կողմից տնօրինվող եկամուտների կրճատումը, ինչպես նաեւ ընդհանուր գործարար ակտիվության ցածր մակարդակը:
2015 թվականի տնտեսական աճին, ըստ Արթուր Ջավադյանի, նպաստել է արտահանումը, իսկ տնտեսությունում արձանագրված մասնավոր սպառման կրճատումն էականորեն մեղմվել է, որն արդյունք էր կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային ընդլայնման քաղաքականության եւ ԿԲ-ի կողմից հարկային պայմանների թուլացման, ինչպես նաեւ տնտեսությունում առկա ցածր գնաճի:
ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ 2015-ին տնտեսական աճը ձեւավորվել է գյուղատնտեսության եւ արդյունաբերության շնորհիվ:
Ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն անդրադարձել է հիմնական եկամտային եւ ծախսային հոդվածներին, մասնավորապես արտաքին աղբյուրների աճին, պետական պարտքի կառուցվածքին, պակասուրդին, ներկայացրել նկատառումներ եւ առաջարկներ որոշ դրույթների վերաբերյալ: Պարոն Նռանյանն ընդգծել է, որ հաշվետվությունում եկամուտների, ծախսերի եւ պակասուրդի ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկույցում նշել է, որ հաշվետվությունը նախորդ տարվա համեմատ կազմվել է նոր միջավայրում՝ այս համատեքստում անդրադառնալով Բյուջետային գրասենյակի, պատգամավորներից, հանձնաժողովների աշխատակիցներից ու բյուջետային գրասենյակի փորձագետներից կազմված աշխատանքային խմբի գործունեությանը: Նա ընդգծել է, որ հաշվետու տարում տնտեսական աճի միտումները շարունակվել են ծրագրվածից փոքր-ինչ դանդաղ տեմպերով:
Ամփոփելով խոսքը՝ պարոն Մինասյանը նշել է, որ 2015 թվականի պետական բյուջեում ամրագրված գերակայություններն իրականացվել են, թեեւ արտաքին որոշ ազդեցություններ իրենց ճշգրտումներն են մտցրել ծրագրավորված որոշ ցուցանիշների հարցում:
«Հանձնաժողովը կողմ է հաշվետվության հաստատմանը եւ առաջարկում է ընդունել համապատասխան որոշում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հունիսի 8-ի նիստում:
Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին: