ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանին:
Ողջունելով հյուրին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում հայապահպանության, հոգեւոր, մշակութային եւ քրիստոնեական արժեքների պահպանման եւ տարածման գործում:
«Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը հյուրից հետաքրքրվել է Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներով, Եկեղեցու կողմից հայապահպանությանն ուղղված քայլերով, Ֆրանսիայում հայկական դպրոցների առկայությամբ եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:
Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին:
Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել շուրջ 1 մլն հայ համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները, կարեւորել հայ մշակույթի տարածումն ու օտարների համար այն ճանաչելի դարձնելը: