ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները հուլիսի 11-ին հանդիպել են Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Վրաստանի ավանդական բարեկամությունն ու հոգեւոր կապերն ունեն բազմադարյա պատմություն: Տիկին Նաղդալյանը երկու երկրների միջեւ միջպետական եւ միջխորհրդարանական երկխոսության զարգացումն ու շարունակականությունն ապահովելու տեսանկյունից կարեւորել է փոխայցերը, տարբեր մակարդակով հանդիպումները, ինչպես նաեւ Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ այս ոլորտում վերջին շրջանում համագործակցությունը բավականին արդյունավետ է:
Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է մեր երկրի քաղաքական կարեւորագույն խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտությանը: Այս համատեքստում կողմերը կարեւորել են խնդրի կարգավորումը խաղաղ եւ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Տիկին Նաղդալյանը խոսել է նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին՝ նշելով, որ այն եւս մեկ անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականությունը:
Երկկողմ համագործակցությունն առավել արդյունավետ եւ գործնական դարձնելու նպատակով կողմերը քննարկել են նոր ձեւաչափերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, տնտեսական համագործակցությանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: