Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հետ:
Կորյուն Նահապետյանը շնորհավորել է Արգո Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ վերջին տարիներին գրասենյակի հետ ձեւավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շարունակական աջակցությունը հանձնաժողովի գործունեությանը` նա հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական մեծ փորձը կծառայեցնի նաեւ խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ մեծ ջանքեր կգործադրի խորհրդարանական հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը ոչ միայն պահպանելու, այլեւ ընդլայնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի եւ գրասենյակի միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները` պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդարանական վերահսկողության ընդլայնումը, ոլորտային օրենսդրության վերանայումն ու համապատասխանեցումը սահմանադրության փոփոխություններին եւ հանձնաժողովի կարողությունների զարգացումը:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել իրականացնել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում հանձնաժողովի վերահսկողական դերի ընդլայնմանը նպաստող համատեղ ծրագրեր: