ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամ Արմեն Ռուստամյանը եւ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հուլիսի 20-ին հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի հետ: Հյուրին ուղեկցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:
Ողջունելով պարոն Կոստայի այցը Հայաստան՝ Սամվել Նիկոյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակում երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտություն կա եւ այս համատեքստում կարեւորել է փոխայցերը: Ջիմ Կոստան նշել է, որ իր հնարավորությունների սահմաններում կաջակցի երկկողմ կապերի ակտիվացմանը եւ փոխայցերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Սամվել Նիկոյանն անհրաժեշտ է համարել ԼՂ հակամարտության կարգավորումը՝ համանախագահող բոլոր երկրների ջանքերի գործադրմամբ: Նա ընդգծել է, որ Թուրքիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական առումով մշտապես աջակցում է Ադրբեջանին:
Խոսելով սիրիական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրադրության մասին՝ պարոն Նիկոյանը նշել է, որ կոնֆլիկտն սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է բազմաթիվ փախստականների եւ հոգ է տարել նրանց մասին:
Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը մանրամասներ են ներկայացրել ապրիլյան դեպքերից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խոսել Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին: Կարեւորվել է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք մասնակցությունը:
ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ մեծացել է հայաշատ Ֆրեզնո քաղաքում եւ բազմաթիվ հայ ընկերներ ունի: Նա ընդգծել է, որ սերտ կապեր ունի Կալիֆորնիայի հայ համայնքի հետ, որը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա աշխուժացման եւ արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: