ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին գումարել է հերթական նիստ, որտեղ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Ինչպես տեղեկացրել է հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, փաթեթը չինախատեսում բովանդակային փոփոխություններ օրենքներում. առաջարկվում է վերացնել առկա հակասությունները նշված օրենքներում: Մասնավորապես՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2015 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-148-Ն օրենքով «քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» հասկացությունները փոխարինվել են «համայնք» հասկացությամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել հակասությունները:
Հեղինակ Հովհաննես Մարգարյանի առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգվել է «Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծի քննարկումը: