Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության ԱԳՆ արտաքին քաղաքականության հարցերով փոխքարտուղար դեսպան Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենի հետ:
Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձեւաչափով դինամիկ զարգացում են ապրում: Երկուստեք կարեւորվել է տնտեսական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը, ինչին կողմերի համոզմամբ՝ կարող է նպաստել գործարար համաժողովների անցկացումը:
ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Արգենտինյան Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Էդուարդ Շարմազանովը Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենի հետ զրույցում նշել է, որ Ցեղասպանության դատապարտմամբ Արգենտինան վերահաստատել է իր՝ ժողովրդավարական երկիր լինելու անվիճելի փաստը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ մեր օրերում աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ուղիով: Նա ընդգծել է, որ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ քանի դեռ կյանքի չեն կոչվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանանավորվածությունները, բանակցային գործընթացում որեւէ առաջնթաց դժվար է ակնկալել: Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենն իր հերթին նշել է, որ Արգենտինան հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: