Սեպտեմբերի 18-23-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով կմասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոն հանդիսացող Ուռումչի քաղաքում անցկացվող «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագիրը կրող Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին:
Նշենք, որ արդեն հինգերորդ տարին հրավիրվող եւ միջազգային խոշոր տնտեսական ու քաղաքական իրադարձություն համարվող ցուցահանդեսը հասցրել է դառնալ Չինաստանի պետական դիվանագիտության, տնտեսության, փորձի փոխանակման կարեւորագույն հարթակ՝ իր շուրջը հավաքելով ավելի քան 25 եվրասիական երկրների քաղաքական եւ տնտեսական առաջնորդների, 800 չինացի եւ օտարերկրացի արտաքին գործերի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Իր մասշտաբների շնորհիվ Չինաստան-Եվրասիա համաշխարհային ցուցահանդեսն այսօր համարվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:
Որպես պատվավոր հյուր՝ Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթում կանդրադառնա համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին, Մետաքսի ճանապարհի քաղաքական եւ տնտեսական հեռանկարներին:
Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաեւ Մետաքսի ճանապարհին հարող երկրների կանանց առաջին համաժողովը, որին կմասնակցեն առավել քան 100 երկրից ներկայացուցչական պատվիրակություններ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին այս միջոցառմանը եւս վերապահված է հատուկ հյուրի կարգավիճակ. ԱԺ փոխնախագահը հանդես կգա ողջույնի խոսքով եւ ծրագրային ելույթով:
Համաժողովի ընթացքում կհրավիրվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում մեր պատգամավորները հանդես կգան զեկույցներով: