ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին տիկնոջ՝ Աննա Մարիա Ֆերարիի հետ:
Ողջունելով հյուրերին նախնիների հողում՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ է խոսել հայ-ուրուգվայական զարգացող կապերի մասին եւ նշանակալի համարել Ռոբերտո Մարկարյանի դերը երկու երկրների հարաբերությունների սերտացման գործում:
«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Դուք, լինելով ծագումով հայ, հանդիսանում եք Ուրուգվայի ամենամեծ համալսարանի ռեկտորը: Ձեր հաջողությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ հայ ժողովրդի համար կրթությունն ու գիտությունն անգնահատելի արժեքներ են: Դուք, հարգելի պարոն Մարկարյան, հայ ժողովրդի այցեքարտերից մեկն եք Ուրուգվայում եւ հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջեւ»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Ռոբերտո Մարկարյանը ներկայացրել է իրենց այցի նպատակները: Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած համալսարանը նախատեսում է համագործակցել Երեւանի պետական համալսարանի հետ տարբեր ոլորտներում, որոնց թվում նաեւ ծրագիր կա հայագիտության ամբիոն հիմնել Մոնտեվիդեոյի համալսարանում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Ռոբերտո Մարկարյանի այցը կնպաստի հայ-ուրուգվայական համագործակցության խորացմանը: