«Հարգելի գործընկերներ,
Եվրոպայի տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) անցած տարիներին բավականին ծանրակշիռ գործունեություն է իրականացրել տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այն առավելապես վերաբերում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետ մոդելների մշակմանը: Իսկ այդ մոդելները տարբեր երկրներում, տրամաբանական է, որ տարբեր պետք է լինեն, քանի որ դրանք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները, պայմանները, ավանդույթները եւ այլն:
Մեր հանրապետությունում կազմակերպության կողմից իրականացվել է տեղական շինանյութերի հիման վրա շինանյութերի արդյունաբերական զարգացման եւ ագրոբիզնեսի զարգացման քաղաքականության զարգացման մոդելների մշակումը, նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վիճակագրության արժանահավատ մոդելի կիրառությունը:
Դրա հետ միասին մենք ակնկալում ենք ՏՀԶ կազմակերպությունից նաեւ առավել հավակնոտ եւ տարածաշրջանային բնույթ ունեցող մոդելների մշակում եւ դրանց տեղայնացման հնարավորությունների հիմնավորում:
Մասնավորապես, խոսքը գնում է ապրանքների՝ նոր շուկաներ մուտք գործելու, ստանդարտացման եւ սերտիֆիկացման համապատասխան լաբորատորիաների ձեւավորման եւ նմանատիպ խոչընդոտների վերացման ուղղությամբ համապատասխան քաղաքականության մշակման մասին:
Ինչ վերաբերվում է ՏՀԶ կազմակերպության հետ մեր հարաբերությունների եւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ապա մենք շահագրգիռ ենք, որ ՏՀԶԿ-ն Հայաստանում եւ տարածաշրջանում իրականացնի ավելի ընդգրկուն եւ լայնածավալ ծրագրեր, հատկապես այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության արտահանման կարողությունների ավելացմանը, ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: Հատկապես, կարեւորում ենք տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը, սակայն ասացե՛ք՝ ինչպես կարելի է տարածաշրջանում իրականացնել արդյունավետ համագործակցություն, եթե Ադրբեջանը, ըստ էության, տոտալիտար եւ ագրեսոր պետություն է ցմահ նախագահի ինստիտուտով, փաստը՝ այդտեղ անցկացված վերջին հանրաքվեն, փաստը՝ ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմական գործողություններն են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հենց վերջին օրերին Ալիեւը, ըստ էության, մենատիրական իր իշխանությունը հավերժացնելով, նոր լարվածություններ է ստեղծում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Սակայն ոչինչ, ինչպես միշտ, չի ստացվում:
Ալիեւին նորից զգուշացնում ենք, որ դուք պարտված եք եւ առաջինը՝ ձեր ժողովրդի առջեւ:
Ադրբեջանի այդպիսի որակի իշխանությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, եթե մենք ձեզ հետ միասին այդ գործողություններին չտանք համապատասխան քաղաքական եւ իրավական գնահատական:
Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ մենք բարձր ենք գնահատում OECD գործունեությունը եւ, իհարկե, ինչպես արդեն նշեցի, ակնկալում ենք, որ մեր տարածաշրջանում այն կընդլայնի համագործակցության եւ աջակցության սահմանները»:
Ելույթի ավարտին խոսքն ուղղելով ՏՀԶԿ (OECD) փոխնախագահին՝ Միքայել Մելքումյանը հարցրել է, թե հետճգնաժամանային այսպիսի իրավիճակում հնարավոր ինչպիսի լուծումներ կարող են առաջարկել:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել նաեւ «Դասեր «Պանամական փաստաթղթերից». հարկաբյուջետային եւ սոցիալական արդարության վերականգնում» թեմայով զեկույցի ժամանակ: Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, ներկայում ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը եւ դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաեւ՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երեւույթի՝ անարդարության եւ անհավասար մրցակցային պայմանների ձեւավորման:
Իհարկե, սա նոր երեւույթ չէ, սակայն ներկայում տեղեկատվական ցանցերով եւ արտասահմանյան ժամանակակից ձեւերով այն հասել է իր ծավալներով նոր, ահագնացող մակարդակի:
Պայքարն այս խնդրի դեմ մեղմ ասած բավարար չէ, հաճախ, առկա է թողտվություն:
Այդ երեւույթները հանդես են գալիս տարբեր ձեւերով եւ նախեւառաջ, այսպես կոչված, օֆշորների տեսքով: Ավելին, այժմ ծրագրվում եւ նկատվում են նաեւ այլ ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային-ծրագրային եւ բանկային սպասարկումներով:
Կարծում եմ, որ այս խնդիրների լուծումը պետք է կայանա միջազգային հանրության եւ պետությունների համատեղ եւ արդյունավետ ջանքերով, բայց ինչպես կարող է այն կայանալ, եթե որոշ երկրներում (օրինակ Ադրբեջանում) դրան նպաստում են հենց երկրների ղեկավարները եւ հետո այն քողարկելու համար սանձազերծում պատերազմ, ինչպես այն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 2-5-ը:
Անդրադառնալով քննարկվող օֆշորային եւ հարկային խնդրին՝ նշեմ, որ այստեղ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական լուրջ եւ միջպետական միջոցառումներ:
Սակայն ռիսկեր կապված օֆշորների, կապիտալի անօրինական արտահանման եւ ապա, այսպես կոչված, ռեէքսպորտի հետ, իհարկե, միշտ էլ կան:
Այս առումով անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցները թե՛ քրեական օրենսգրքերի եւ թե՛ վարչական, հարկային օրենսդրության շրջանակում:
Դրա հիմքում պետք է լինի ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով տեղեկատվության ամբողջական տրամադրումը տարբեր պետությունների կողմից: Դրա մասին կան միջպետական պարտավորություններ: Ուղղակի դրանք պետք է հետեւողականորեն կատարել:
Կարեւոր նշանակություն է ձեռք բերում նաեւ Կենտրոնական բանկի եւ այլ կառույցներում գործող ֆինանսական մոնետարների գործունեությունը եւ դրանց կանխարգելիչ գործունեությունը, Մանիվալի, Գրեկոյի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների արդյունավետ գործունեությունը: Երեք հիմնական կարեւոր ուղղություններ են՝ կոռուպցիա, մենաշնորհների դեմ պայքար եւ դատական արդարացի համակարգ, մարդու իրավունքներ:
Սակայն այս ամենը չպետք է խոչընդոտի նաեւ լեգալ կապիտալի ազատ տեղաշարժին, այլապես մենք կնվազեցնենք երկրների ներդրումային գրավչությունը:
Անդրադառնալով Պանամական փաստաթղթերին՝ նշեմ, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների համար առանձին գլուխ է հատկացված, որտեղ ներկայացվում են նրանց կապերն օֆշորային կազմակերպությունների բարդ համակարգի հետ: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2003 թվականին Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը ստեղծում է AtaHolding կոնգլոմերատը Ալիեւների ընտանիքի անդամների մասնակցությամբ, որի հետաքրքրությունների շրջանակը սկսվում է բանկային, հեռուստակոմունիկացիոն ոլորտներից մինչեւ բնական ռեսուրսներով հարուստ երկրի շինարարական, հանքարդյունաբերական եւ նավթագազային ոլորտներ:
Պանամայում Մամեդովը հիմնադրել է երկու կառույց՝ «FM Management Holding Group»-ը եւ «UF Universe Foundation»-ը, վերջինը հանդիսանում է նախորդի կառավարողը, իսկ կառավարիչներից մեկը Մեհրիբան Ալիեւան է: Համաձայն «Պանամական փաստաթղթերի» եւ «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի» (OCCRP)՝ 2006 թվականին նախագահ Ալիեւը վեց ոսկու հանքերի օգտագործման իրավունքը փոխանցել է ադրբեջանական մի քանի կազմակերպությունների, այդ թվում օֆշորային երկու կազմակերպության, որոնք իրականում պատկանում են Ալիեւի երկու աղջիկներին: Քույրերին է պատկանում նաեւ բրիտանական Globex International LLP-ի բաժնետոմսերի 56%-ը եւ պանամական Londex Resources S.A.-ն: Վեց ոսկու հանքերի բաժնետոմսերի համապատասխանաբար 11%-ը եւ 45%-ը տնօրինում են այս երկու կազմակերպությունները»: