Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախաձեռնությամբ կայացել է կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներ, ուսանողներ:
ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անունից ողջունելով քննարկման մասնակիցներին` խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստան-Իտալիա հարաբերություններին նվիրված քննարկմանը ոլորտի պատասխանատուները բարձրաձայնել էին կրթության եւ գիտության ոլորտում Հայաստանի եւ Իտալիայի համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք, պայմանավորվածության համաձայն, համակողմանի կքննարկվեն այսօրվա միջոցառման ընթացքում:
Պարոն Նահապետյանը փաստել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի համագործակցությունը Իտալիայի խորհրդարանի, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության եւ Իտալիայի հետ կապ ունեցող տարբեր ոլորտային համայնքների հետ բավական ակտիվացել է: Բարեկամական խմբի իրականացրած տարաբնույթ միջոցառումների շրջանակում Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանությանը շարունակական համագործակցության եւ աջակցության համար:
Նա նշել է, որ քննարկման նպատակն է ընդհանուր պատկերացում կազմել կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության, գրանցված հաջողությունների ու առկա խոչընդոտների մասին, ինչպես նաեւ փորձել քայլեր ձեռնարկել այդ ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Պարոն Նահապետյանը հավաստիացրել է, որ բարեկամական խումբը շահագրգիռ եւ հետեւողական է երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացմամբ: Այս տեսանկյունից նա փաստել է, որ կրթությունը եւ գիտությունը կարեւոր ուղղություն են եւ էական նշանակություն ունեն երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ համագործակցության հիմքերն ամրապնդելու գործում:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա զուգահեռներ է անցկացրել երկու ժողովուրդների պատմական եւ մշակութային արժեքների միջեւ, խոսել դրանց նմանությունների եւ ընդհանրությունների մասին: Նրա գնահատմամբ` այս քննարկումն արդյունավետ հնարավորություն է` վեր հանելու այն ներուժը, որն ամբողջովին չի օգտագործվում: Պարոն Դավթյանը համոզմունք է հայտնել, որ քննարկումն արդեն իսկ հաջողված է, այն կլինի առավել օգտակար, եթե դրա արդյունքում լինեն հստակ պայմանավորվածություններ առարկայական հարցերի շուրջ:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին բացման խոսքում շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբին՝ միջոցառումն իտալերենի համաշխարհային շաբաթի նախօրեին կազմակերպելու համար: Պարոն Ռիչուլլիի խոսքով` գիտակրթական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություննեով: Նա խոսել է իտալերենի դասավանդման խնդիրների մասին` նշելով, որ այն հանգամանքը, որ Հայաստանում իտալերենը պահանջարկ ունեցող եւ դասավանդվող լեզուներից է, պայմանավորված է նաեւ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմական ու մշակութային բազմադարյա կապերով: Անդրադառնալով կրթության ոլորտում երկու երկրների համագործակցությանը՝ դեսպանը կարեւորել է դպրոցներում իտալերենի դասավանդումը խթանող ծրագրերի իրականացումը:
Քննարկման առաջին մասում ներկաներն անդրադարձել են կրթության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը: Ոլորտային հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը եւ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», ՀԿ նախագահ, Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի միջազգային փորձագետ Արթուր Նաջարյանը: Նրանք անդրադարձել են Հայաստան-Իտալիա կրթական համագործակցությանը եւ զարգացման հեռանկարներին, հանրակրթության եւ ոչ ֆորմալ կրթության ոլորտներում փոխգործակցությանը, միջմշակութային հաղորդակցությանը, դպրոցներում իտալական մշակութային կենտրոնների ստեղծմանը:
Քննարկման երկրորդ մասում գիտության զարգացման հեռանկարների հարցում միջազգային համագործակցության կարեւորությանն է անդրադարձել եւ այդ առթիվ իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ կիրառական պրոբլեմների ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Ասատուր Փաշայանը ներկայացրել է իր զեկույցը, որը վերաբերել է Իտալիայում հայազգի բնագետների, մասնավորապես քիմիկոս Ջակոմո Չամիչյանի գործունեությանը: Հայ-իտալական գիտական համագործակցության շուրջ խոսել է նաեւ ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը, իսկ մեր երկրում «ԻԿՐԱՆԵՏ»-ի գործունեությանն է անդրադարձել ՀՀ ԳԱԱ «Իկրանետ-Հայաստան» կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Նարեկ Սահակյանը:
ԱԺ պատգամավորներն ու քննարկման մասնակիցները հանդես են եկել բազմաթիվ հարցադրումներով եւ հայ-իտալական գիտակրթական հարաբերությունների զարգացմանը միտված բազմաթիվ առաջարկներ ներկայացրել: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին, իսկ դպրոցում իտալերենի՝ որպես երրորդ օտար լեզվի դասավանդման նպատակահարմարության մասին խոսել են դպրոցների տնօրենները եւ ոլորտի պատասխանատուները:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին կառուցողական մթնոլորտում կայացած արդյունավետ եւ հետաքրքիր քննարկման համար: Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի եւ ներկաների հետեւողական ու համատեղ ջանքերով առկա խնդիրներին կտրվեն հիմնավոր լուծումներ եւ Հայաստան-Իտալիա համագործակցությունը կրթության եւ գիտության ոլորտներում առավել կխորանա եւ կզարգանա: