Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն եւ պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը:
Նշենք, որ ինստիտուտը հիմնադրվել է 1991 թվականին եւ հիմնադրումից ի վեր սերտորեն համագործակցում է ՀՀ պետական եւ մասնավոր հատվածների հետ՝ իրականացնելով խորհրդատվական, վերլուծական, հետազոտական, պլանավորման ծառայություններ կրթության, տնտեսագիտության, քաղաքականության, առողջապահական, տեխնոլոգիական ոլորտներում՝ խթանելով ԱՄՆ-ՀՀ երկկողմ համագործակցությունը:
Ինստիտուտի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն բոլոր ծրագրերին, որոնք միտված կլինեն Հայաստանում զարգացնելու գիտահետազոտական հաստատությունների գործունեությունն ու կատարելագործելու նորագույն տեխնոլոգիաների կիրառման որակը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ինստիտուտի հայանպաստ գործունեությունը եւ կարեւորել մեր երկրում նոր ծրագրերի իրականացմանն ու բազմոլորտ համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ու ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանը քննարկել են Հայաստանում կրթության զարգացմանն առնչվող հարցեր. այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: