National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:

Գալուստ Սահակյանը ողջունելով Անդրեյ Դանկոյին` նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է Սլովակիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը, ինչը, ըստ նրա, կխթանի խորհրդարանական կապերի զարգացումը:

Բարձր գնահատելով Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու ցեղասպանությունների ժխտման քրեականացումը՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմանը՝ Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել այդ հարցում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել բանակցությունների գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել,որ մշակված փաստաթուղթը համատեղ հանձնառության լավագույն երաշխիք կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում: Հաշվի առնելով, որ Սլովակիան այս տարի ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ակնկալում է Սլովակիայի աջակցությունը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ջերմությամբ է հիշել նախորդ տարի Հայաստան կատարած այցը, որից հետո նա գործընկերներին խորհուրդ է տվել անպայման այցելել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստան, որը բուֆերային գոտի է համարվում քրիստոնեական եւ մուսուլմանական երկրների միջեւ:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Անդրեյ Դանկոն վերահաստատել է, որ Սլովակիան դատապարտում է մարդկության դեմ նման հանցագործություն իրագործողներին եւ հավելել. «Անցյալ տարի ես զգացի ձեր ազգի մեծ ցավը, ես եւս ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ եւ խնդրում եմ ընդունեք մեր պատվիրակության այցը Հայաստան՝ որպես հարգանք ձեր նախնիների հիշատակին»:

Զրուցակիցները կարեւորել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:

Անդրեյ Դանկոն գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-սլովակյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Անդրեյ Դանկոյին:

Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am