Նոյեմբերի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնության նպատակն է եւս 7 տարով երկարաձգել համաձայնագրի գործողության ժամկետը: Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրով ամերիկյան կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումներ, նյութական միջոցներ, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում եւ այլն: Փաստաթղթով սահմանվում են նախատեսվող նյութական միջոցների փոխադրման կարգն ու պայմանները:
Քննարկված համաձայնությունը հանձնաժողովի դրական եզարակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: