Նոյեմբերի 29-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ներկայացրել է ժողովրդավարության կայացման եւ երկրի արդյունավետ կառավարման իր տեսլականը: Նրա գնահատմամբ՝ նախագիծը լիբերալ է, իրենք շատ առարկություններ չունեն: Պարոն Զուրաբյանն առաջարկել է նախագծով կարգավորել կուսակցությունների պետական ֆինանսավորման հարցը, ինչը, նրա խոսքով, կարեւոր է մեր երկրում կուսակցական համակարգի զարգացման համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ օրենքի նախագիծն ազատական է, այն ապահովում է քաղաքական մրցակցություն կուսակցությունների միջեւ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք առաջարկել են 2 տարին մեկ անգամ համագումար անցկացնելու պահանջը փոխարինել առնվազն 5 տարով, իսկ կուսակցության լուծարման հարցը վերապահել վերադաս մարմնին: Պարոն Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին, օրենքից բխող փոփոխությունների իրականացմանը: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին: Կուսակցությունների ֆինանսավորման, կուսակցությունների լուծարման գործընթացի դյուրացման, համագումարի անցկացման եւ այլ հարցերի առնչությամբ նախարարը հորդորել է պատգամավորներին առաջարկներ ներկայացնել:
Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցումով ընդունել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշել է, որ նախագծի մշակման նպատակով այս տարվա հունվարից ձեւավորվել էր աշխատանքային խումբ: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ մինչ գլխադասային հանձնաժողովում քննարկվելը, օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պատգամավորների հետ. նրանք ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնց հիման վրա փաստաթուղթը համալրվել է: Նախագծի հիմքում բացառապես նոր Սահմանադրության դրույթներն են:
Հիմնական զեկուցողը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնադրույթները: Ըստ կանոնակարգի՝ ԱԺ մարմիններն են պատգամավորները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները եւ ԱԺ խորհուրդը:
Պարոն Սահակյանը ներկայացրել է հերթական նստաշրջանների գումարման կարգը: Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը կգումարվեն երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս նիստերը՝ երեք շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթիից ուրբաթ: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կավարտվեն հինգշաբթի օրը: Երկուշաբթի օրը նիստեր կգումարի ԱԺ խորհուրդը, որտեղ կձեւավորվեն օրակարգը եվ հարցերի քննարկման ժամանակացույցը: Երեքշաբթի օրը՝ ժամը 10:00-ից մինչեւ 18:00 տեղի կունենան հերթական նիստերը: Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը տեղի կունենա չորս հիմնական նիստ: Օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը կշարունակվեն մինչեւ դրանց քննարկումն ավարտելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր: Նրա գնահատմամբ՝ նման ճկուն համակարգ են կիրառել, որ օրակարգում կուտակումներ եւ չսպառված հարցեր չլինեն եւ օրենսդրական նախաձեռնություններն իրացնելու հնարավորություն տրվի պատգամավորներին:
Հովհաննես Սահակյանն ԱԺ գործունեությունը երկու մասի է բաժանել՝ օրենսդրական եւ քաղաքական- վերահսկողական: Օրենսդրական գործունեության մեջ սահմանվում են ընթացակարգեր, օրենքների երկու ընթերցում, երրորդ ընթերցում կարող է լինել, երբ հեղինակը կդիմի ԱԺ-ին եւ օրենքի նախագծի քննարկումը կհետաձգվի խմբագրման նպատակով:
Նշվել է, որ օրենսդրական գործընթացի ծանրաբեռնվածությունն ընկնում է ԱԺ մշտական հանձնաժողովների վրա: Բացասական եզրակացություն ստացած նախագծերի այն դրույթները, որոնց վերաբերյալ դրական եզրակացություն է տվել գլխադասային հանձնաժողովը, որեւէ պատգամավորի կողմից, երբ լրամշակվի, կդառնա մեկ նախագիծ ու կներկայացվի հանձնաժողովին: Խորհրդարանում կքննարկվի եւ հիմնական նախագիծը, եւ հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած այլընտրանքային նախագիծը: Այն նախագիծը, որը կստանա Ազգային ժողովի դրական եզրակացությունը, այն էլ կընդունվի:
Հովհաննես Սահակյանը ներկայացրել է նաեւ արտահերթ նիստերի գումարման կարգը՝ նշելով, որ արտահերթ նիստերի օրակարգերում նվազագույնի է հասցված առանց հանձնաժողովներում քննարկված հարցերի ընդգրկումը:
Կանոնակարգի նախագծով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ԱԺ իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է ԱԺ քննիչ հանձնաժողով: Պարոն Սահակյանը սա դիտարկել է որպես ընդդիմության գործիքակազմ, նրա խոսքով՝ դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են քննարկման առարկա դառնալս:
Հիմնական զեկուցողը խոսել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների լիազորությունների վերաբերյալ՝ նշելով, որ հանձնաժողովներն իրենց լիազորությունների շրջանակում իրավասու են իրականացնելու վերահսկողություն:
Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:
Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվող լրամշակված նախագիծը թոթափել է այն հիմնական մտահոգությունները, որոնք ուներ կառավարությունը պաշտոնապես ներկայացված նախագծի վերաբերյալ եզրակացությունը կազմելիս: Նախարարը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկման առարկա կդառնան բոլոր մտահոգությունները եւ վերջնական լրամշակված տարբերակի վերաբերյալ կառավարությունը կներկայացնի իր դիրքորոշումը:
Փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:
Լեւոն Դոխոլյանն առաջարկում է պատգամավորների վճարովի օգնականների թիվը դարձնել երկու, մեկական փորձագետ ավելացնել յուրաքանչյուր խմբակցության համար, վերակազմակերպված կուսակցություններին հնարավորություն տալ վերափոխել խմբակցությունների անվանումները, ներդնել բաց դռների օր քաղաքացիների համար: Հրանտ Բագրատյանը խոսել է խորհրդարանական կառավարման առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ պատգամավորը չպետք է օրենք գրի, պետք է գաղափարը ներկայացնի աշխատակազմին, որը համապատասխան մասնագետների միջոցով պետք է ներկայացնի համապատասխան օրենքի նախագիծը: Նա տարբեր հոդվածների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Վարդան Այվազյանը նշել է, որ համապատասխան մասնագիտական հանձնաժողովներ պետք է լինեն աշխատակազմում, որոնք օրենսդրական տարբեր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն պետք է ներկայացնեն պատգամավորներին: Պատգամավորն ԱԺ մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա փաստաթուղթը կլրամշակվի: Տիգրան Ուրիխանյանի գնահատմամբ՝ հանրային կյանքում առանցքային նշանակություն ունեցող նախաձեռնություն է: Նա խոսել է հանձնաժողովների լիազորությունների ավելացման, ԱԺ-ում նոր մարմինների ստեղծման նպատակահարմարության մասին եւ ընդգծել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը պետք է լինի պահանջկոտ ու հակակնոտ: Թեւան Պողոսյանը խորհրդարանական աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցում առանձնակի կարեւորել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի նշանակությունը: Նա խոսել է խորհրդարանական վերահսկողության կարեւորության մասին: Պատգամավորն առաջարկներ կներկայացնի: Գագիկ Ջհանգիրյանը կարեւորել է օրենքի նախագծում Սահմանադրության՝ Ազգային ժողովին վերաբերող դրույթների լիարժեք իրացումը: Նրա գնահատմամբ՝ ներկայացված փաստաթղթում օրենսդրական գործունության ընթացքը բարելավված է, հանձաժողովը դարձել է այն մարմինը, որը պետք է մանրակրկիտ օրենսդրական աշխատանք կատարի: Պարոն Ջհանգիրյանի գնահատմամբ՝ հանձնաժողովին վերապահված խորհրդարանական վերահսկողական լծակները թույլ են: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԱԺ-ի կողմից գործուղման մեկնած պատգամավորին պետք է տալ իր քվեարկությունը փակ ծրարով ԱԺ քարտուղարությանը փոխանցելու լիազորություն: Նրա համոզմամբ՝ ԱԺ փորձագիտական բազան պետք է մեծացվի: Նա նշել է, որ իրենք կողմ են նախագծին:
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կարեւորելով փաստաթուղթը մեր երկրի խորհրդարանական եւ քաղաքական մշակույթի համատեքստում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ հիմնական հարցերի շուրջ քաղաքական ուժերի կողմից առկա է դրական վերաբերմունք:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունն ավելի լայն կոլեգիալ եւ ժողովրդավարական կառավարման հնարավորություն է տալիս: Նա կարեւորել է խմբակցությունների դերի բարձրացումը: Անդրադառնալով նիստից բացակայող պատգամավորների քվեարկության իրավունքի իրացմանը՝ պարոն Շարմազանովը նշել է, որ բացառապես այն դեպքերում, երբ պատգամավորներն իրականացնում են «ԱԺ կանոնակարգ» օրենքով իրենց վրա դրված լիազորությունները կամ պարտականությունները, նրանք պետք է փակ ծրարով քվեարկելու իրավունք ունենան: Բանախոսի համոզմամբ՝ այդ դրույթը ողջունելի է եւ ժողովրդավարական:
Պարոն Շարմազանովի կարծիքով՝ խմբակցությունների նիստերի լուսաբանման հարցը պետք է թողնել խմբակցությունների հայեցողությանը: Նա նշել է, որ պետք է պակասեցնել հարց տալու համար սահմանված ժամանակը:
Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ փաստաթուղթը լրամշակելու հարցում կշարունակի արդյունավետ աշխատանքը եւ կքննարկի բոլոր առաջարկները:
Խոսրով Հարությունյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ ներկայացրել է 8 տասնյակից ավելի առաջարկներ: Պատգամավորն անդրադարձել է խմբակցությունից պատգամավորին հեռացնելու կամ դուրս գալու դրույթին, նստաշրջանի օրակարգի ձեւավորմանը, դրանց վերաբերյալ ներկայացրել իր դիրքորոշումը: Պարոն Հարությունյանը կոչ է արել կողմ քվեարկել: Կարեւորելով նախաձեռնությունը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ այն համակարգելու է խորհրդարանի գործունեությունը եւ գալիք խորհրդարանի համար ստեղծելու է նոր աշխատակարգ: Ռուբիկ Հակոբյանն արդյունավետ է գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը: Պատգամավորը որոշ փոփոխությունների վերաբերյալ ներկայացրել է իր մտահոգությունները եւ առաջարկները: Պարոն Հակոբյանը նշել է, որ կողմ է քվեարկելու:
Հարցի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:
ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշել է, որ խմբակցությունները, դառնալով ԱԺ մարմիններ, պետք է ունենան խորհրդարանական վերահսկողական լծակներ: Ըստ պարոն Ջհանգիրյանի՝ նախագծով որոշ հարցերի վերաբերյալ կատարվել են դրական փոփոխություններ: Պարոն Ջհանգիրյանը հույս է հայտնել, որ ներկայացված առաջարկները առաջինից երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն հեղինակների կողմից:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Դրական գնահատելով ներկայացված նախաձեռնությունը՝ տիկին Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, երբ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորը որոշում է կայացնում դուրս գալ խմբակցությունից: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այդ հարցը պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքով:
Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ նախաձեռնությունը լիովին համապատասխանում է խորհրդարանական համակարգին: Ըստ պարոն Բաղդասարյանի՝ աշխատանքային խմբի կողմից կատարվել է լայնածավալ ու արդյունավետ աշխատանք: Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի մտահոգությանը՝ Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տվել գործընկերներին նախընտրական ցուցակները կազմելիս հաշվի առնել, որ թեկնածուները լինեն տվյալ քաղաքական ուժի գաղափարախոսության կրողները: Խմբակցության ղեկավարը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:
Խորհրդարանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով եւ 97-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ, ըստ նշված հոդվածի, պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով, իսկ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանադրական օրենք է` սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պատգամավորի գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ, որոնք ներկայումս ամրագրված են ԱԺ կանոնակարգում, սահմանել առանձին օրենքով:
Խորհրդարանը կշարունակի արտահերթ նիստի աշխատանքը նոյեմբերի 30-ին: