National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.12.2016
Համատեղ քննարկում՝ «Հաշվեքննություն(աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը դեկտեմբերի 9-ին կազմակերպել էին «Հաշվեքննություն(աուդիտ)՝ վերահսկողության փոխարեն» թեմայով քննարկում, որի ընթացքում ներկայացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի նախագիծը, որը բարեփոխված ՀՀ Սահմանադրության պահանջն է։ Նշենք, որ քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ՀՀ կառավարության, դատաիրավական համակարգի, Վերահսկիչ պալատի, միջազգային կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Օրենսդրական նախաձեռնության մշակման աշխատանքներն իրականացրել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խումբը, ԳՄՀԸ միջազգային փորձագետները, տարբեր նախարարությունների, ԿԲ-ի, ՎՊ-ի եւ այլ կառույցների մասնագետները։

Բացման խոսքում ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան կարեւորել եւ բարձր է գնահատել հայ գործընկերների հետ նպատակային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր։

Աննե Քեմփան հավաստիացրել է, որ համատեղ գործակցությունը լինելու է շարունակական։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: 

Գագիկ Մինասյանը կարեւորել է այն հանգամանքը, որ օրենքի նախագիծը մշակելիս հաշվի է առնվել եվրոպական փորձը։ Աշխատանքային հանդիպում-քննարկումներ են ունեցել նաեւ Էստոնիայում եւ Վրաստանում համապատասխան կառույցների մասնագետների հետ։ Նախագծի յուրաքանչյուր դրույթ մասնագիտական քննության է ենթարկվել միջազգային տարբեր փորձագետների մասնակցությամբ։

«Նոր օրենքի նախագիծն ապահովում է Սահմանադրության հիմնական պահանջը՝ Հաշվեքննիչ պալատը դառնալու է անկախ աուդիտորական գործունեություն իրականացնող կառույց»,- նշել է Գագիկ Մինասյանը եւ հավելել, որ Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության ներկայացուցիչ։

Օրենքի նախագծի վերաբերյալ դրական գնահատական է ներկայացրել ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, նշելով, որ այն նախադրյալներ է ստեղծում համախմբված ֆինանսական հաշվետվության ինստիտուտի ներդրման համար։

Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել ՎՊ-ի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը՝ նշելով, որ նախագիծը լրամշակվելով եւ կյանքի կոչվելով՝ հնարավորություն կտա լուծելու համակարգի առաջ ծառացած խնդիրները։

Արտաքին աուդիտի միջազգային փորձագետ, իրավաբան Լոթար Շպիլհոֆն իր խոսքում նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան։

Լոթար Շպիլհոֆը հավաստիացրել է, որ առաջիկայում ստեղծվելիք Հաշվեքննիչ պալատը կդառնա հիմնովին անկախ աուդիտորական, եվրոպական չափանիշներին համահունչ կառույց։

Միջազգային փորձագետ Անդրեաս ֆոն Գալն անդրադառնալով արտաքին աուդիտի ստուգման խնդիրներին, կարեւորել է դրանց հստակեցումը։

Քննարկման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հաշվեքննիչ պալատի անկախ գործունեությանը, ֆինանսավորմանը, ներքին ու արտաքին աուդիտի իրականացմանն ու այլ խնդիրների։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am