«ԵԽԽՎ-ում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն կատարած լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետեւել այս ավանդույթին: Շատ զգայուն եւ խիստ կարեւոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների եւ մարդկանց կյանքի հետ խաղալու համար:
Կարճ ներկայացնեմ իրավիճակը: Զեկույցի 9-րդ մասում արվում է հայտարարություն, որն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Զեկուցողը համոզված է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված` մամուլի ազատության պաշտպանություն գոյություն չունի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների այլ տարածքներում», որտեղ նա ի նկատի ունի նաեւ Լեռնային Ղարաբաղը: Զեկուցող Արիեւն անգամ ծանոթ չէ մարդու իրավունքների ասպարեզում հետազոտություններ կատարող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղում խոսքի ազատությունը գնահատվում է մեծապես ազատ: Այս տվյալներն, ի դեպ, շատ ավելի լավն են, քան Ադրբեջանում տիրող իրավիճակը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա:
Զեկուցողն անտեսեց այս փաստերն անգամ այն բանից հետո, երբ նրան տրամադրվեց այս տեղեկատվությունը, ավելին` նա բացարձակապես մերժեց համագործակցության բոլոր եզրերը: Զեկուցող Արիեւը ոչ միայն չհայցեց տեղեկատվություն ուսումնասիրվող տարածաշրջանի մասին, այլ զարմանալիորեն դադարեց նամակներ եւ հեռախոսազանգեր ստանալ մեզանից այն բանից հետո, երբ մենք առաջարկեցինք հիմնվել ոչ միայն ադրբեջանական պրոպագանդայի վրա:
Այս խիստ կարեւոր թեմային վերաբերող լուրջ եւ խորը հետազոտություն կատարելու փոխարեն զեկուցողը մտել է քաղաքական դաշտ, օգտագործում է միակողմանի, վտանգավոր բառապաշար, որոնք մեզ հանգեցրին 2016 թվականի ապրիլյան տխուր դեպքերին: Բացատրեմ. ունենալով ԵԽԽՎ-ի որոշակի աջակցությունը նմանատիպ մի զեկույցի ընդունման հարցում` այս փաստը եւս ազդել է զեկույցի ընդունումից ընդամենը երկու ամիս անց Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ հարձակմանը, երբ օգտագործվեց ծանր հրետանի խաղաղ բնակչության հանդեպ:
Ի դեպ, այս չորսօրյա պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միայն ապրիլի 1-8-ը այնտեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող եւս: Այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa եւ այլն: Ձեզանից շատերը, վստահ եմ, որ կհիշեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խոսքը CNN-ի ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը:
Ցավով պետք է փաստեմ, որ առանց ուսումնասիրության վայր մեկնելու եւ տեղում փաստահավաք գործունեություն իրականացնելու, զեկույց պատրաստելը դարձել է սովորական երեւույթ: Հպարտորեն հիշեցնեմ` մեկ տարի առաջ մենք մերժեցինք նման մի զեկույց, եկեք վերջ դնենք ժողովրդավարության բնօրրանում այս արատավոր երեւույթին: Մենք չենք կարող աչք փակել այն երեւույթի վրա, թե ինչպես է ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում կաշառակերության բնօրրանի: Իրականում ես մեծ ափսոսանքով եմ նշում սա, սակայն զեկուցող Վոլոդիմիր Արիեւի հարցազրույցը, որում նա ներողություն է հայցում Իլհամ Ալիեւից, իր մեծ սերն է արտահայտում Ադրբեջանի նախագահի եւ նրա երկրի հանդեպ, հաստատում է Ադրբեջանի շահերը ներկայացնելու հարցում զեկուցողի խորը շահագրգռվածությունը:
Եկեք ոչ ոքի թույլ չտանք վտանգելու մեր հեղինակությունը»: