Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ վերգետնյա հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում կան բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ եւ որոշակի լրացումներ: Կարգավորումները նպատակ ունեն հստակեցնել իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու նպատակով հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացը:
Հարակից զեկուցող Արտակ Դավթյանն անդրադարձել է Ազգային հանձնաժողովի կողմից հայտարարվող մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար կայացող մրցույթին եւ լիցենզավորման պայմաններին:
Հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: