Մայիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2017թ. աշխատանքային պլանը եւ մեթոդները, որը նախատեսում էր, ի շարս այլ հակամարտությունների, քննարկման առարկա դարձնել նաեւ ԼՂ հակամարտության հարցը, այդ թվում նաեւ՝ փաստահավաք առաքելություն իրականացնել եւ այլն:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ այս փխրուն ժամանակահատվածում աննպատակահարմար է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանզի այն միջնորդական գործընթացի վրա կարող է բացասական միջամտություն լինել եւ հանգեցնել անկանխատեսելի զարգացումների:
«Ենթահանձնաժողովի աշխատանքային նման եղանակն անարդյունավետ է եւ հղի բացասական հետեւանքներով»,-իր խոսքում պնդել է հայկական պատվիրակության ղեկավարը՝ ներկաներին հիշեցնելով ԵԽԽՎ կանոնադրության՝ սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի գործունեությանն առնչվող 7-րդ կետը, ըստ որի ենթահանձնաժողովը կոնկրետ հակամարտության գծով կարող է աշխատանքներ ծավալել միայն այն դեպքում, եթե ունի անդամ պետությունների համաձայնությունը:
Քննարկումների արդյունքում մեր պատվիրակությանը հաջողվել է աշխատանքային նախնական ծրագրում որոշակի փոփոխություններ կատարել, եւ հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել վերադառնալ նախկինում ձեռք բերված համաձայնությանը, այն է՝ ենթակոմիտեն պետք է առաջնորդվի նախատեսված լիազորությունների շրջանակում, եւ սահմանված աշխատակարգի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հարցին առնչվող քննարկումներին անդրադառնա 2017թ. վերջում՝ համազեկուցողների մասնակցությամբ նախնական քննարկումների արդյունքում:
Մայիսի 15-ին տեղի է ունեցել նաեւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ տիկին Նաղդալյանը՝ որպես մոնիթորինգի հանձնաժողովի փոխնախագահ, վարել է Էստոնիային եւ Իռլանդիային առնչվող հարցերի քննարկումները: