ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործող «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում առկա են խնդիրներ, որոնք պետք է շտկել եւ կատարել նաեւ հստակեցումներ: Ըստ այդմ՝ նախագծով լրացվել են հանձնաժողովի անդամի նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաեւ նրա լիազորությունների դադարեցման հիմքերը, այդ թվում հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին:
Հիմնական զեկուցողի կարծիքով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման արդյունավետության բարձրացմանը:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես է եկել գրավոր առաջարկությամբ, որն էլ ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ հունիսի 7-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելու համար:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Հարցի քննարկմանը որպես հրավիրյալ` մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Հիմնական զեկուցող Արման Սահակյանը նշել է, որ մասնավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները: Ծրագրով, մասնավորապես, առաջարկվում են մասնավորեցնել առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարուրության ծրագրին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները:
Հիմնական զեկուցողը նշել է, որ մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրումով:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես է եկել գրավոր առաջարկություններով եւ գործընկերներին հորդորել է քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
Առաջարկությունները հանձնաժողովի որոշմամբ կներկայացվեն հունիսի 7-ին կայանալիք հանձնաժողովի նիստում, որից հետո էլ կկազմակերպվի հարցի քվեարկությունը: