ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ընդամենը մի քանի օրից պատմություն կդառնա 2004 թվականը: Հայաստանի Ազգային Ժողովի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը:
2004 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար եղավ փորձությունների հաղթահարման տարի, որն ամփոփելով վստահաբար կարող ենք ասել` մեր երկիրն ունեցավ փոքրիկ, բայցհաստատուն առաջընթաց թե տնտեսական, թե սոցիալական բարեփոխումների տեսանկյունից, թե այն մարտահրավերների հաղթահարման, որ կային մեր երկրի եւ հանրության առջեւ:
Հայաստանի Ազգային Ժողովը եւս 2004 թ. գործեց բավականին արդյունավետ. մենք ընդունեցինք 200-ից ավելի օրենքներ, բազմահազար քաղաքացիների համար բացվեցին խորհրդարանի դռները` ԱԺ այցելեցին աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ ու հաշմանդամներ: Նրանց հուզող խնդիրներին մենք անդրադարձանք նաեւ ԱԺ նախագահին առընթեր խորհուրդների միջոցով, որի նիստերում քննարկեցինք փախստականներին, հաշմանդամներին, փոքր եւ միջին ձեռներեցներին, գիտնականներին, բժիշկներին, մանկավարժներին հետաքրքրող տարաբնույթ խնդիրներ:
2004-ին ընդունեցինք այնպիսի կարեւոր օրենքներ ու օրենսգրքեր` ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որը վերաբերվում է հարյուր հազարավոր մարդկանց, Ընտանեկան օրենսգիրքը, լուրջ բարեփոխումներ իրականացրինք բուհական եւ հետբուհական կրթության համակարգում: Դրական եմ համարում նաեւ ավանդների երաշխավորման մասին օրենքի ընդունումը, որը այսուհետ բացառելու է խաբված ավանդատուների գոյությունը: ԱԺ-ն ընդունեց 2005 թ. «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը, ունենալով ընդգծված սոցիալական ուղղություն, նաեւ զարգացման տարրեր է պարունակում: Մենք շարունակելու ենք մեր հետեւողական աշխատանքն ու պայքարը բնակչության խնայողական ավանդները վերականգնելու համար:
Սիրելի հայրենակիցներ, մենք 2005 թվական ենք մտնում նոր հույսերով ու սպասելիքներով: 2005 թ. Հայաստանի համար կկարեւորվիարհեստագործական ուսումնարանների բացումով, 48000 ուսուցիչներ կստանան 50-51 հազար դրամ աշխատավարձ: Աղետի գոտում կշարունակվի բնակարանային շինարարությունը:2005 թ. բերելու է նոր դրական զարգացումհատկապես գյուղական բնակավայրերում, նախկին ավաններում, կավարտվեն կիսակառույց շենքերը, հազարից ավելի փախստականներ կստանան նոր բնակարաններ: Թեկուզ քիչ, բայց բարձրացվել են, կենսաթոշակները, զինված ուժերի աշխատողների աշխատավարձերը: Իհարկե, մենք ունենք չլուծված խնդիրներ, սոցիալական վատթար վիճակ հատկապես Երեւանից դուրս, ունենք կոռուպցիայի, կաշառակերություն դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտություն: Բայց ես համոզված եմ, որ եթե լինենք միախմբված,կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու առաջ գնալ:
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԺ անունից եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեր ամանորը, մաղթում եմ նախեւառաջ խաղաղություն, համբերություն, կամք, կորով, վճռականություն, մեր երկրի եւ ազգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին: Թող 2005 թ. մեր բոլորի ընտանիքներին բերի հույս, սեր, հավատ, կորով ու վճռականություն հասնելու այն բաղձալի հանգրվանին, որին արժանի է մեր ազգը, մեր երկիրը այս դժվարին ու մրցակցող աշխարհում: