Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերում: Նրա կարծիքով՝ Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման եւ հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների, այդ թվում Իռլանդիայի հետ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է հիմնախնդրի կարգավորման հարցում Իռլանդիայի հավասարակշռված դիրքորոշումը: «Հայաստանը հավատարիմ է հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բարձր է գնահատում այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետեւողական ջանքերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Կողմերը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը. այն երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջեւ կապերի ամրապնդումը:
Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարցում միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Շոն Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան: