Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է.
«Հարգելի պարոն դեսպան, հարգելի գործընկերներ,
դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք,
ելույթս ցանկանում եմ սկսել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան պարոն Տողանյանին` միջոցառումն այս հոյակապ առանձնատանը կազմակերպելու համար, որի 200-ամյա պատմությունը կապված է հայ եւ ռուս ժողովուրդների պատմության հետ:
Հայ երեխաներին կրթելու ազնիվ նպատակի համար կառուցված այս շենքը հետագայում դարձավ ռուսական արեւելագիտության կարեւորագույն կենտրոններից մեկը, միաժամանակ` հայ մշակույթի կենտրոն: Եվ, վերջապես, անկախություն ձեռք բերելուց հետո Ռուսաստանում հայության այս օջախում հանգրվանեց Հայաստանի դեսպանատունը:
Սիրելի բարեկամներ,
ցանկանում եմ առանձնակի ընդգծել Ռուսաստանում հայ համայնքի դերը, որը նպաստում է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են:
Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը: Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետեւողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում:
Այսօր Պետական դումայում Վյաչեսլավ Վոլոդինի հետ ներկա եղանք ցուցահանդեսի բացմանը` «Միասին» խորհրդանշական խորագրով: Հայ եւ ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով եւ զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է մեր եղբայրությունը:
Մենք միասին ենք եւ դարերով միասին կլինենք:
Շնորհակալություն ուշադրության համար»: