National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.04.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.04.2018
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Սերժ Ազատի Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ
1 / 4

ՀՀ Ազգային ժողովը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` ապրիլի 17-ին գումարել է հատուկ նիստ` քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով` ՀՀ ԱԺ-ի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների որոշումներով` ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Սերժ Ազատի Սարգսյանը:

Վարչապետի թեկնածուին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին եւ կառավարության մյուս անդամներին արդյունավետ աշխատանքի համար:

«Պատմական այս ժամանակահատվածում եւ, կարծում եմ, նաեւ միշտ, այս չափազանց պատասխանատու, բարդ, դժվար ու մեծ ջանքեր պահանջող լիազորությունները կարող է իրականացնել այն մարդը, ով ունի պետականաշինության ու պետական կառավարման հարուստ ու արդյունավետ փորձ, որոշումներ կայացնելու վճռականություն, անցած ճանապարհ, ու նաեւ՝ միջազգային հեղինակություն, ով իր վարած քաղաքականությամբ, իր սառնասրտությամբ, իր ճշգրիտ քայլերով ու բաց երկխոսությամբ կարողանում է կառավարման մեծ թիմ առաջնորդել եւ հմտորեն դիմագրավել մարտահրավերներին: Այդպիսին է մեր թեկնածուն՝ Սերժ Ազատի Սարգսյանը»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն ապավինում է իր առաջնորդին եւ բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքը, հմտությունները, անցած ուղին, փորձը, ներդրումը երկրի պաշտպանության ու անվտանգության, պետականաշինության գործում, նրա վարած արտաքին քաղաքականությունն ու դրա արդյունքները, համբերատար բանակցելու, հեռատեսորեն քայլեր կատարելու ունակությունները, պատրաստակամությունը, Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում ամենափայլուն ձեւով ներկայացնելու կարողությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն ամրապնդելու քաղաքականությունը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել են հարցերով

Ապրիլյան պատերազմին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը վերաբերող Սամվել Նիկոյանի հարցերին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր եւ սպասելի: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, դրանց հայրենական արտադրությանը եւ որ ամենակարեւորն է` բարձր պահել հայ զինվորի ու սպայի մարտական ոգին:

Անդրադառնալով Կարեն Բեքարյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, խաղաղ բանակցություններին վերաբերող հարցերին` Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական եւ անընդունելի են Հայաստանի ու Արցախի համար` ընդգծելով, որ փոխզիջումները միակողմանի չեն կարող լինել:

Գեւորգ Պետրոսյանին հետաքրքրում էր ողջամիտ երաշխիքը, որ վարչապետական լիազորություններում լուծվելու են հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները: Ըստ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունը Հայաստանի գործադիր իշխանությունն է, եւ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ իրավասու է լինելու կենտրոնացնել ուժերն առկա խնդիրները լուծելու համար: Նա վստահեցրել է, որ երկրում տնտեսական առաջընթաց կա:

Պատասխանելով Գագիկ Մելիքյանի` տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկիրը շարունակելու է համագործակցությունը քաղաքական եւ տնտեսական բոլոր հնարավոր ուղղություններով: Կառավարությունը շարունակելու է նախորդ կառավարությունների որդեգրած քաղաքականությունը, զարգացնելու է ավանդական այն բոլոր արտադրությունները, որոնք Հայաստանում կան՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչեւ սննդարդյունաբերություն` ուշադրության կենտրոնում պահելով նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտը:

Ի պատասխան պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ մշակելու եւ հաստատելու անհրաժեշտությանն առնչվող հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել այդ ծրագրի իրականացմանը:

Շիրակ Թորոսյանը ողջունել է կառավարման նոր համակարգում անձի դերի նվազման եւ կոլեկտիվ պատասխանատվության տարրի ավելացման մասին վարչապետի թեկնածուի առաջարկած բանաձեւը՝ խնդրելով պարզաբանել` ինչպիսի՞ն է լինելու ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման հարցում կոլեկտիվ եւ անհատական պատասխանատվությունների համադրումը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ համակարգն արդյունավետ գործելու է եւ ջանք չեն խնայելու հնարավոր դրական արդյունքների հասնելու համար:

Անդրադառնալով Արտակ Զեյնալյանի՝ քաղաքական հայացքների համար հետապնդումներին վերաբերող հարցին` Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ում երբեք որեւէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել:

Սերգեյ Բագրատյանին հետաքրքրել է, թե ինչպես են ազդում աշխարհաքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանի, մասնավորապես ԼՂ հիմնահարցի լուծման վրա` վերջին սիրիական հրթիռակոծությունների համատեքստում: «Մեր պարագայում կարեւոր է կայունությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը , նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովն այսօր առաջին անգամ ընտրում է երկրի վարչապետին, անդրադարձել է ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի աշխատանքային կենսագրությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է Սերժ Սարգսյանի՝ որպես ՀՀ Նախագահ պաշտոնավարման ընթացքում մեր երկրի արձանագրած ձեռքբերումների մասին, ներկայացրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Անգնահատելի եւ անուրանալի է Սերժ Սարգսյանի ծառայությունը հայրենիքի պաշտպանության եւ կառուցման գործում, նրա բնավորության լավագույն գծերն են՝ ազնվություն, պարկեշտություն եւ պատասխանատվության բարձր զգացում»: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը մեծ ձեռքբերումներ է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում, պետությունն իրականացրել է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն եւ դարձել տարածաշրջանային գործոն: Շուրջ մեկ տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ ԵՄ անդամ Կիպրոսն ու Հունաստանը միաձայն ընդունել են թուրքական ժխտողականության դեմ օրենքներ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ մեր երկիրն անդամակցել է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն հանդես են եկել առնվազն հինգ հայտարարությամբ, որոնցում ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Հայաստանն այս 10 տարվա ընթացքում նաեւ ամրապնդել է իր անվտանգությունը:

Գագիկ Մինասյանը ներկայացրել է վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած տնտեսական հաջողություններն ու հաղթահարած դժվարությունները: Ըստ նրա` հաջողությունների ձեռքբերման հարցում նշանակալի տեղ է ունեցել մեր երկրի կողմից վարվող հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Գագիկ Մինասյանը ներկայացրել է որոշ ֆինանսական տվյալներ, որոնք բնութագրում էին Հայաստանի տնտեսական հաջողությունները՝ համեմատելով դրանք Վրաստանի ցուցանիշների հետ: Նա հորդորել է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Արամ Սարգսյանը մեջբերել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի «21-րդ դարը մերն է լինելու» խոսքերը՝ հարց տալով, թե արդյո՞ք ներկա Հայաստանը Սպարապետի երազանքն էր: «Ելք» խմբակցության պատգամավորը խոսել է ընտրակաշառքներից եւ կոռուպցիայից, անդրադարձել ժողովուրդ-իշխանություն անջրպետին, առաջացած անվստահության մթնոլորտին: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում փողոցներում, բոլորիս մեղքն է»,-շեշտել է նա եւ հորդորել հետեւություններ անել ստեղծված կացությունից:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ քննարկվում է ՀՀ վարչապետի թեկնածուին երրորդ անգամ Հայաստանի կառավարման ղեկը հանձնելու հարցը: Նա կարեւորել է թեկնածուին հարցեր ուղղելու հնարավորության ընձեռումը եւ կարծիք հայտնել, որ վարչապետի թեկնածուի ընտրվելու դեպքում չեն իրականացվելու բարեփոխումներ: Ըստ նրա՝ չեն նկատվում դրական տեղաշարժեր անգամ կառավարման համակարգի փոփոխության պարագայում:

Աղվան Վարդանյանն իր խոսքում անդրադարձել է մեր պետականության առջեւ ծառացած խնդիրներին, որոնք, նրա գնահատմամբ, այս փուլում ճշգրիտ են ձեւակերպված: Նա կարեւորել է ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ ստորագրված երկու համաձայնագրերը, որոնցով կուսակցությունները համատեղ պատասխանատվություն են ստանձնում երկրի զարգացման հարցում: Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներ են, այլ մեր պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ: Աղվան Վարդանյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն ամենքից լավ է պատկերացնում մարտահրավերները եւ անցնելիք դժվարին ճանապարհը: Բանախոսը վարչապետի թեկնածուին մաղթել է կամք, իմաստություն եւ վճռականություն, որ երբ գա ժամանակը, նա կարողանա ասել, որ ճակատագրով իրեն վիճակված բեռը տարել է արժանապատվությամբ:

Մանե Թանդիլյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախընտրական ծրագրի դրույթներին: ԱԺ պատգամավորը համեմատական է անցկացրել Հայաստանում եւ հարեւան Վրաստանում գործարար միջավայրի քաջալերմանը, հարկային եւ մաքսային քաղաքականության զարգացմանն ուղղված քայլերի միջեւ: Մանե Թանդիլյանը խոսել է գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի եւ ցածր կենսաթոշակների մասին: Նա իր մտահոգությունն է հայտնել նաեւ հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում բուժօգնության եւ կրթության հասանելիության, աշխատատեղերի ստեղծման հետ կապված խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ վարչապետի թեկնածուն հնարավորություն ունի փրկելու ժողովրդավարական Հայաստանի վարկանիշը՝ չդասելով այն ԵԱՏՄ որոշ երկրների շարքին, որտեղ իշխանությունները չեն փոխվում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ խորհրդարանական համակարգին բնորոշ է նաեւ այն, որ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը պատասխանատվություն է ստանձնում եւ ընտրում միջոցներ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար, նաեւ այն անձին, ով պետք է իրականացնի դրանք: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ կառավարության հաջողության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի դրա ղեկավարը, ով տիրապետում է երկրի անցած ճանապարհին, մասնակցել է պետության կերտման պատմությանը: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ տնտեսության արձանագրած աճին: Ըստ նրա՝ ճիշտ կլինի չկատարած խոստումների կողքին նշել նաեւ կատարվածները եւ այն խոստումները, որոնք չեն տրվել, բայց կատարվել են:

Գեւորգ Գորգիսյանը, խոսելով համամասնական ընտրական ցուցակի մասին, նշել է, որ ճիշտ կլիներ, որ այն գլխավորեր վարչապետի թեկնածուն: Պատգամավորն անդրադարձել է նաեւ երրորդ նախագահի կառավարման 10 տարիներին, խոստացել մշտապես լինել Ազգային ժողովում, ներկայացնել տարբերվող մոտեցումներ:

Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ իրենք քաղաքական հակառակորդներ են, բայց ոչ թշնամիներ եւ շահագրգռված չեն խորհրդարանական մեծամասնության ծրագրերի տապալումով ու անհաջողությամբ: Պատգամավորը նշել է, որ ավելացել է ՀՆԱ-ի, քաղաքացիների խնայողությունների, ավտոմեքենաների ներկրման ցուցանիշները: Նա կարեւորել է ընտրատեղամասերում տեսախցիկների առկաությունն ու առցանց հեռարձակումը, նշելով, սակայն, որ ընտրակաշառքի վերաբերյալ պնդումները չեն հերքվել:

Սամվել Ֆարմանյանի խոսքով` ժողովուրդը մեկ երկու տասնամյակ քաղաքական կայուն ընթացքի ու խաղաղ արարման կարիք ունի` լուծելու թվարկված ու չթվարկված, առկա ու գալիք խնդիրները: «Մեզ անհրաժեշտ է կայունություն: Կայունություն, որն ուղեկցվում է զարգացմամբ, խարսխված է գործողության մեջ դրված արդարության եւ քաղաքացիական պաշտամունքի արժեքների հիման վրա»,- ասել է նա ընդգծելով, որ իր քաղաքական ընտրությունը կատարելու է ի օգուտ Սերժ Սարգսյանի թեկնածության:

Արմեն Աշոտյանի խոսքով` արցախյան հակամարտության կարգավորման առավել հայանպաստ տարբերակ, քան այսօր է դրված բանակցային սեղանին, երբեւէ չենք ունեցել Արցախյան շարժման ողջ 30-ամյա պատմության ընթացքում: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների նման մակարդակ երբեւիցե չենք ունեցել, քան այսօր է: Ռուս-հայկական, հայ-վրացական հարաբերությունների նմանատիպ մակարդակ եւս երբեւիցե չենք ունեցել, քան այսօր է: Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն է ի զորու հզորացնել մեր պետությունը:

Ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրելու իրենց դիրքորոշմանը՝ նշելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում լավագույն հիմքերն են ստեղծվել արդար Հայաստան եւ միասնական ու պաշտպանված Արցախ եւ Սփյուռք ունենալու համար: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ դրա վկայություններից են առավել ժողովրդավարական եւ ժամանակակից մեխանիզմներով օժտված խորհրդարանական համակարգի հիմնադրումը, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, Համահայկական հռչակագրի ընդունումը, Արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված արժանապատիվ եւ հայանպաստ բանակցությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ միասին կարող են եւ պարտավոր են, ցրելով բոլոր կասկածները, ապացուցել, որ Սերժ Սարգսյանի կողմից հանրապետության վարչապետի պաշտոնի ստանձնումը որեւէ հատվածական շահ չի հետապնդում, այլ կոչված է, օգտագործելով վարչապետի թեկնածուի հսկայական փորձը, նոր էջ բացելու մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար, նոր շունչ հաղորդելու երկրի առաջանցիկ զարգացմանը:

Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը, անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ցերեկվա ժամերին Հայաստանից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ավիաչվերթների բացակայությանը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի կիրարկելիությանը, էթիկայի հանձնաժողովի գործունեությանը: Ընդգծելով, որ ատելության քարոզով չեն զբաղվում՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով` հասարակությանը հուզում են անվտանգությանը, աշխատանքով ապահովվածությանն ու արդարությանը վերաբերող հարցերը: Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը կողմնակից է մրցակցային, իրական ծրագրային եւ գաղափարական աշխատանքի: Նա հայտարարել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է ազատ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ դրական փոփոխությունները նկատելու համար հարկավոր են իմաստություն եւ կամեցողություն: Նա հորդորել է դադարեցնել ավելի ընդդիմադիր երեւալու մրցավազքը, որը վնասում է ընդդիմադիր դաշտի կայացմանը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ պետք է ունենալ կառուցողական, լավը տեսնելու կարողություն ունեցող ընդդիմություն, որը, քննադատելով իշխանություններին, կստիպի նրանց հաշվի նստել իր կարծիքի հետ: ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին՝ փաստելով, որ որեւէ ընտրատարածքում խնդիր չի առաջացել: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատում է մեր երկրի զարգացմանը եւ բարգավաճմանը, վստահում է Սերժ Սարգսյանին, նրա որդեգրած արտաքին եւ ներքին քաղաքականությանը: «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը միասնականորեն սատարում է վարչապետի թեկնածուին, մաղթում նրան եւ հայ ժողովրդին հաջողություն»,- ասել է պատգամավորը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ տես այստեղ:

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում նշել է.

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,

հարգելի՛ պատգամավորներ,

շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշումների, ոգեւորիչ, ինչպես նաեւ քննադատական ելույթների համար: Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում եւ այսօր, պետք է համաձայնեմ: Խոսքս թե՛ քննադատությանն է վերաբերում, թե՛ սատարող քաղաքական ուղերձներին: Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ: Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձեւակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավական շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը: Իրար հետ շփոթում են շատ բաներ եւ այլն: Բայց դա չէ կարեւորը, ես դրանց, իհարկե, առանձին-առանձին չեմ անդրադառնա, առավել եւս, որ այդ բանավեճի ամենաարդար դատավորը ժամանակն է եւ ժամանակն ամեն ինչցույց կտա: Այդուհանդերձ, վերջում ես երկու դրվագի կանդրադառնամ:

Հակիրճ՝ խոշորացված խմբերով մեկ անգամ եւս անդրադառնամ հնչող քննադատությանը: Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետեւյալն է. Հանրապետության երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին: Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սեւացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը: Սա, թերեւս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե եւ ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում:

Այս առումով միայն մեկ դիտարկում կանեմ. 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների ու թոռների կյանքի կարեւոր ու անբաժան հատվածն է: Այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզ ճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարաբերությունների հարթակում եւ ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին:

Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, եւ չարժե ամեն գնով սեւացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին: Արդար չէ եւ չարժե անել: Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական, իբր, ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն: Չեն կարող չլինել: Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը:

Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կոալիցիայի կողմից ինձ վարչապետ առաջադրելու քաղաքական համատեքստին: Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, ի միջի այլոց` ինձ համար տարօրինակ է, թե ինչու երրորդ, այլ ոչ թե չորրորդ, որովհետեւ մինչ այդ ես նաեւ վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, հակասություններ փնտրվում իմ նախկին հայտարարությունների եւ իրականության միջեւ: Առաջադրվող թեմաների սակավության պատճառով հարցերի այս խումբն էլ հարկ եղածից ավելի քննարկվեց՝ չնայած քննարկելու առանձնապես բան էլ չկար: Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլեւ կառավարման ողջ փիլիսոփայությունը, եւ տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել: Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր հետեւում են իմ ասածներին, խնդրում եմ գրառել, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի Հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը, որպես իշխանության շարունակություն կամ 3-րդ ժամկետ: Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված գործադիր իշխանության ղեկավար: Սահմանադրական փոփոխություններով համապետական մակարդակում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա, դա Ազգային ժողովն է, որից էլ ծնունդ են առնում իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը ապագա կառավարությունում, այն անհամեմատելի է կիսանախագահական կառավարման համակարգի նախագահի դերակատարության հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջեւ: Ես շնորհակալ եմ, որ այս փաստը այստեղ արձանագրվեց: Մարդիկ, դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլեւս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը: Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է: Բայց դե ժանրի կանոնն է՝ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որեւէ բանի վրա պետք է կենտրոնանալ եւ անընդհատ կրկնել: Բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու:

Ավելի երկար խոսել արդեն ամիսներ շարունակ հնչող այսօրինակ դիտարկումների մասին, թերեւս, չարժե: Ամեն ինչ ասվել է, ամեն չասվածն էլ արդեն վաղուց ընկալվել է:

Ինչպես ասացի՝ այսօր դա չէ կարեւորը: Կարեւորն առաջին հերթին ինքնին այսօրվա նիստն է, երբ խորհրդարանն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին՝ պառլամենտական երկրի վարչապետին: Մեզ դեռ տարիներ պետք կգան մինչեւ այսպիսի բոլոր՝ մեզ համար նոր գործընթացներն ավանդույթի ուժ ստանան: Մենք բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, եւ սա այս պահին ամենակարեւորն է:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի եւ քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար: Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաեւ ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին: Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխանատվության շրջանակում կառավարություն ձեւավորելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե: Դա նաեւ կլինի քվե հանուն քաղաքական տրամաբանության, հանուն տրամաբանված կայունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախապայմանն է:

Շնորհակալ եմ:

Եվ ես խոստացա անդրադառնալ երկու դրվագի: Առաջինը՝ ուզում եմ դիմել պարոն Արամ Սարգսյանին, թեկուզ նա դահլիճում ներկա չէ, քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք (հասկանալի պատճառներով) եւ ասել հետեւյալը՝ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, եւ որեւէ տեղ թող որեւէ մեկը չշահարկի այս հանգամանքը:

Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ, այո՛, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեցիք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլեւս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Շնորհակալ եմ»:

Վարչապետի թեկնածուի ամփոփիչ ելույթին հաջորդել է քվեարկությունը, որի արդյունքում 77 կողմ եւ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության նոր կառավարության, նոր համակարգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը դիմել է խորհրդարանին.

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,

հարգելի՛ պատգամավորներ,

շնորհակալ եմ: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության իմ գործընկերներին՝ վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ Ազգային ժողովում պաշտպանելու համար: Մենք` որպես քաղաքական կոալիցիա, լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա մասշտաբները եւ համադրված հետեւողական աշխատանքով պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման եւ մեր ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով:

Շնորհակալ եմ «Ծառուկյան դաշինքի» բոլոր գործընկերներին: Վստահեցնում եմ, որ ձեր պատվախնդիր գործունեությունը խորհրդարանում քաղաքական կոալիցիայի համար միշտ հսկիչ դեր է ունեցել: Դուք կարողացել եք վեր կանգնել «մենք ընդդիմադիր ենք եւ ամեն ինչ պետք է քննադատենք կամ միշտ դեմ քվեարկենք» պարզունակ գործելաոճից: Անհրաժեշտ պահերին ձեր դիրքորոշման հիմքում դրել եք ոչ թե կուսակցական, այլ պետական շահը: Հենց սա գիտակցելով է, որ ձեր քննադատությունն ընկալվում է որպես անաչառ եւ ստիպում քաղաքականություն իրականացնողներին առաջնային ուշադրություն դարձնել դրան: Հավատացնում եմ՝ իշխանությունը մշտապես իր մեջքին զգում է ձեր աչալուրջ շնչառությունը, եւ դա իսկապես սթափեցնող է:

Շնորհակալ եմ «Ելք» դաշինքի գործընկերներին: Ակտիվ պառլամենտարիզմը կարող է կայանալ միայն ամենօրյա աշխատանքով, մտքերի ու մոտեցումների բախմամբ, համատեղ՝ բարդույթներից զերծ աշխատանքով եւ մշտապես սովորելով: Շնորհակալ եմ ձեր դերակատարության համար: Սահմանադրության պահանջով մենք այսուհետ անմիջական շփումների շատ ու շատ առիթներ ենք ունենալու: Հուսով եմ, որ արագ հաղթահարվելու են առկա շատ թյուրըմբռնումներ ու կաղապարված պատկերացումներ, որոնք կան, եւ, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, մենք լավ բարեկամներ ենք դառնալու:

Եթե կընդունեք՝ երեք խորհուրդ ձեզ: Առաջին՝ իրոք, խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից. պետք է ունակություն ունենալ լսելու: Այդ բարդույթը դրսեւորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքներով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, եւ սա վատ է: Դա ձեզ համար նաեւ օգտակար կլինի: Իրոք, տեղյակ կլինեք իրավիճակին: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհում հրճվելու բարդույթի համար, բայց այդ բարդույթը կարծես թե ձեզ ավելի է բնորոշ. դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ վերջացավ. սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը, եւ երբ սովորենք հարգել առաջին հերթին Սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու:

Երկրորդ՝ իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որ, տեսնում եմ, քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս, ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանու՞մ եք՝ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցում եւ մեղադրում: Մեղադրում են միայն դատարանում: Այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել: Քաղաքական պատասխանատվությունը, այո՛, ես ընդունում եմ: Քաղաքական պատասխանատվությունը եւ՛ լավի, եւ՛ վատի համար: Եթե ձեզ թվում է, թե մենք 1990-ական թվականներից էլ հետ ենք գնացել, ապա ինչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունել: Բայց միեւնուն ժամանակ, նորից եմ ասում, գիտակցեք, որ սա խորհրդարան է, եւ խորհրդարանում օրենքներ են ընդունվում, որոշումներ են կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ:

Երրորդ խորհուրդս հետեւյալն է՝ դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել:

Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան եւ Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դրանք ձեր մոտեցումներն են, դրանք ձեր պատկերացումներն են: Եթե ոչ՝ դուք հակառակ կողմում պետք է լինեք. դուք պետք է լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին: Բայց ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է՝ ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավճիռ եւ ո՛չ էլ մեղադրանք:

Շնորհակալ եմ Ազգային ժողովի ղեկավարությանը եւ աշխատակազմին՝ կարեւորագույն այս քաղաքական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Պարո՛ն Բաբլոյան, շնորհակալ եմ:

Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ մենք ավելի հանգամանալից կխոսենք մեր երկրի զարգացման եւ մեր խնդիրների լուծմանն առնչվող պատկերացումների մասին: Այժմ սկսվում է կառավարություն ձեւավորելու փուլը, որը երկար չի տեւի: Ծրագրի քննարկման ժամանակ մենք արդեն կկարողանանք արձանագրել, որ Սահմանադրությամբ նախատեսված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ գոնե ինստիտուտների ձեւավորման առումով մենք պատշաճ հաղթահարել ենք: Եկել է այդ ինստիտուտներին միս ու արյուն, բովանդակություն տալու ժամանակը, ինչը, վստահ եմ, միասին կանենք:

Իսկ մինչ այդ, հաջողություն եւ լավ տրամադրություն եմ մաղթում բոլորիդ եւ ցանկանում, որպեսզի բոլորս միասին կարողանանք հաղթահարել բարդութավորված մարդկանց գործելաոճը եւ վերադառնանք կառուցողական դաշտ: Սա՛ է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը: Սա՛ է պահանջում մեր ժողովրդի ապագան:

Շնորհակալ եմ բոլորիդ»:

Ազգային ժողովն ավարտել է հատուկ նիստի աշխատանքը:


17.04.2018
Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում
Մեծարգո պարոն Սարգսյան, հարգելի գործընկերներ, այսօրվա օրակարգի հարցը վճռորոշ նշանակություն ունի մեր պետության համար: Երկրի վարչապետի ընտրությամբ, ըստ էության, մենք վերջնականապես անցում ենք կատարում Սահմանադրությամբ ամրագրված՝ կառավարման նոր համակարգին, ինչն ավելի մեծ կարեւորություն է տալիս այսօրվա մ...

17.04.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը
Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, նախ եւ առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու համար: Շնորհակալ եմ փաստարկված քննարկումների այս տարող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS