Մարտի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)` աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության պահպանման հարցերով տարածաշրջանային համակարգող Վալենտին Մոկանուի, ԱՄԿ գլխամասի աշխատանքի վարչարարության մասնագետ Արսենիո Ֆերնանդեսի եւ ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի հետ:
Քննարկվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն «Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի» (GSP+) շահառու երկրներին` Աշխատանքի միջազգային չափորոշիչներն արդյունավետորեն կիրարկելու եւ հաշվետվողականության պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու հարցում» ծրագրի ընթացքը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանությանը, շահագործմանն ու աշխատանքային միջավայրում անվտանգության պահպանությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք առանձնահատուկ շեշտվել է աշխատանքի ոլորտում տեսչական մարմինների գործունեության կարեւորությունը, դրանց կառուցվածքի եւ իրավազորությունների հստակ ճշգրտումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:
Առանձնահատուկ կարեւորվել են մինչեւ 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման եւ վերջիններիս` արգելված աշխատանքի մեջ ներգրավման դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել վերոնշյալ խնդիրների լուծմանը միտված օրենսդրության մշակման ուղղությամբ աշխատանքները: