National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.04.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 4

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկումը՝ լսելով ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ամփոփիչ ելույթները:

Օրենսդրական փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է 71 կողմ, 40 դեմ ձայներով. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել:

Այնուհետեւ քվեարկության է դրվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ «ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը ՀՀ վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու առաջարկին, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իրազեկել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: Արդյունքում առաջարկը չի ընդունվել. կողմ է քվեարկել 41, դեմ՝ 67 պատգամավոր: Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 55 կողմ ձայն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագիծը, որը ներկայացրել է Մանե Թանդիլյանը: Խոսելով նախագծի ընդունման անհրաժեշտությունից՝ նա նշել է, որ հարցը վերաբերում է վերջերս խիստ ակտիվացած կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից ծավալվող գործունեությանը, որոնք քաղաքացիներին վարկ ստանալու օգնություն են առաջարկում: Պատգամավորի խոսքով՝ պարզվել է, որ նրանք որեւէ առնչություն չունեն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հետ: Հետեւաբար, հանդես գալով որպես միջնորդ, անօրինական կերպով գումարներ են ստանում անտեղյակ քաղաքացիներից: Խնդիրը կարգավորելու համար խմբակցությունն առաջարկում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169 պրիմ 14 հոդվածը լրացնել նոր՝ երկրորդ մասով, ըստ որի՝ լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «վարկավորում», «կրեդիտ», «կրեդիտավորում» բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով «փոխառություն», «փող», «դրամ», «փոխառության տրամադրում», «դրամի տրամադրում», «գումար», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», բառերի կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումն իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցներով գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Հարակից զեկույցում Արտակ Մանուկյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա կարեւորել է նախագիծը, սակայն նաեւ նշել, որ այն բարեփոխման կարիք ունի:

ՀՀ Կառավարության դրական կարծիքը նախագծի առնչությամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց դրական տեսակետները, նաեւ առաջարկներն ու դիտողություններն են ներկայացրել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արկադի Խաչատրյանը, Էդգար Առաքելյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը:

Հաջորդիվ քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Նշվել է, որ փաթեթի ընդունումը կապահովվի կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը, ինչն էլ լուրջ խթան կհանդիսանա պատժի ենթարկված անձանց վերասոցիալականացման եւ պատժի նպատակներին հասնելու համար: Նախաձեռնությամբ լրացուցիչ երաշխիքներ կնախատեսվեն նաեւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մյուս դատապարտյալներից անջատ պահելու կանոնի վերացմամբ կբարձրացվի այդ անձանց վերասոցիալականացումը: Վերոնշյալից բացի կալանավորված քաղաքացիները ազատազրկման վայրում գտնվելիս կարող են ստանալ ժամանակավոր վկայական եւ իրացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ հանձնաժողովում աշխատանքային քննարկումների արդյունքում գործադրին ներկայացված առաջարկներն ընդունվել են: Նա մտահոգություններ է ներկայացրել որոշ տերմինաբանական խնդիրների առնչությամբ:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը: Նշվել է, որ Հայաստանը 2017 թ. մարտից արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) թեկնածու երկիր է: Անդամակցելով այդ միջազգային կազմակերպությանը՝ մեր երկիրը որոշ պարտավորություններ է ստանձնել, որոնց կատարումն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտում ավելի հաշվետու եւ թափանցիկ կառավարմանը: Պարտավորություններից է նաեւ ոլորտում գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների իրական սեփականատերերերին բացահայտելը: Փաթեթով սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, նաեւ իրական սեփականատերերի գրանցման կարգը: Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների շրջանակին: Սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի չափից: Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հանձնաժողովում քննարկումները հարակից զեկույցում բարձրաձայնել է Կարեն Համբարձումյանը:

Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել գործադիրի ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար՝ նշելով, որ այդ վստահությունը պարտավորեցնող է: Գարեգին Բաղրամյանը նախ ներկայացրել է իր կենսագրական տվյալները, ապա հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ունեցած տեսլականը եւ այն հայեցակարգային մոտեցումները, որոնց իրացումը թույլ կտա ապահովելու հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ հեղինակության բարձրացումը: Ըստ թեկնածուի՝ ոլորտը ներառում է զգայուն եւ ռազմավարական նշանակության բնագավառներ: Թեկնածուի համոզմամբ՝ հանձնաժողովը, համագործակցելով բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ, ամենօրյա աշխատանքով պետք է լծվի հիմնական առաքելության իրականացմանը՝ սպառողների եւ կարգավորող անձանց շահերի հավասարակշռմանը: Նա մանրամասն անդրադարձել է հանձնաժողովի գործունեությանը՝ հիմնական թիրախավորված ուղղություններով, խոսել օրենսդրի եւ գործադրի համագործակցության շրջանակից, կարեւորել կապերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, արդյունավետ աշխատանքը` ԶԼՄ-ների հետ:

Թեկնածուն պատրաստակամություն է հայտնել խորհրդարանի վստահությանն արժանանալու պարագայում ջանքեր գործադրել հանրային ծառայությունների ոլորտի խնդիրների կարգավորման ու բարելավման ուղղությամբ:

Հարցուպատասխանի ձեւաչափում հնչել են հարցեր հանրություն-հանձնաժողով շփումների ակտիվացման ու ծառայությունների մասին քաղաքացիներին իրազեկելու մեխանիզմների, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավոր ռեզերվների, սակագնային կարգավորումների անհրաժեշտության, գնումների ընթացակարգերի արդիականացման եւ այլ խնդիրների առնչությամբ:

Թեկնածուի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները

Լիլիթ Մակունցը, պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացրած՝ խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին, հայտնել է, որ ինքը եւ «Իմ քայլը» խմբակցության մի շարք այլ պատգամավորներ շուտով հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ: Նպատակն է այլ հարցերի հետ մեկտեղ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հրավիրել ԱԺ հերթական նիստերին՝ պատասխանելու պատգամավորների հարցերին:

Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել հանձնաժողովի կողմից ներկայացվող ծրագրերի եւ հաշվետվությունների ներկայացումը եւ քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում: Պատգամավորը խոսել է գազամատակարարման ոլորտում կորուստների, գազի սակագների, կալորիականության մասին: Ըստ նրա՝ խորհրդարանը պետք է ընթացակարգային փոփոխություններ իրականացնի, ստեղծի մասնագիտացված քննիչ հանձնաժողովներ՝ ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ պատկերացում ունենալու համար:

Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանրային ծառայությունների հանձնաժողովն ունի բացառիկ դեր ու առանձնահատուկ նշանակություն՝ կարգավորելու բնական մենաշնորհների գործունեությունը, սահմանելու հանրային ծառայությունների սակագները եւ երաշխավորելու հանրային ու սպառողների շահերը: Պատգամավորը կարեւորել է հանձնաժողովի քաղաքական անկախությունը, աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը:

Արման Բաբաջանյանը ռիսկային է համարել Գարեգին Բաղրամյանի պաշտոնավարումը: Նա նշել է, որ հանձնաժողովի գործունեությունը կարեւոր է մեր երկրում սակագնային քաղաքականության մշակման եւ կարգավորման տեսանկյունից: Ըստ պատգամավորի՝ կառույցը պետք է իրապես անկախ լինի գործադիր իշխանությունից եւ իր գործունեության ընթացքում առաջնորդվի օբյեկտիվության եւ հանրային շահի գերակայության սկզբունքներով:

Գեւորգ Պապոյանը խոսել է ջրաչափերի վաղեմության, դրանց փոխարինման անհրաժեշտության մասին: Պատգամավորը հույս է հայտնել, որ Գարեգին Բաղրամյանն ընտրվելու դեպքում կնպաստի պետության եւ հանրության համար կարեւոր հարցերի լուծմանը: Պատգամավորը կարեւորել է հանձնաժողովում նոր կադրերի համալրման հարցը:

Սոֆիա Հովսեփյանն անդրադարձել է ջրամատակարարման ոլորտում սակագնային քաղաքականությանը, առկա խնդիրներին: Նա կարեւորել է կառույցի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը: Պատգամավորն իր աջակցությունն է հայտնել թեկնածուին:

Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ թեկնածուն նախկինում երբեք զերծ չի եղել քաղաքական ճնշումներից, չի գործել ինքնուրույն: Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովը պետք է պաշտպանի քաղաքացու շահն ընդդեմ բնական մենաշնորհների:

Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ քվեարկելու է թեկնածուի օգտին: Նա հույս է հայտնել, որ Գարեգին Բաղրամյանն ընտրվելու դեպքում հանձնաժողովը կհամապատասխանեցնի նոր Հայաստանի կարգավիճակին:

Այնուհետեւ խորհրդարանում կազմակերպվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման քվեարկությունը: Հիշեցնենք, որ նա ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջին ընթերցման ընթացակարգով է քննարկվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը , որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ներմուծվող ցեմենտի ծավալներն ավելի արագ են աճել, քան տեղական արտադրության ծավալները, ինչը պայմանավորված է հարեւան շուկաներում դրա վաճառքի գների էական իջեցմամբ: Չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտային ծախսերն այս ապրանքատեսակի դեպքում զգալիորեն թանկացնում են դրա արժեքը մինչ Երեւան տեղափոխելը, այդուհանդերձ այդ եղանակով ներկրված ցեմենտը Երեւանում ավելի էժան ինքնարժեք է ունենում, քան տեղական արտադրողն ունի իր արտադրության ծախսերի արդյունքում: Նախագծում առաջարկվել է ներկրվող ցեմենտի դեպքում գործունեությունը որակել որպես ծանուցման եղանակով իրականացվող գործունեության տեսակ, որպեսզի հնարավոր լինի կիրառել պաշտպանիչ միջոց եւ մեկ տոննայի համար կիրառել 22.000 դրամ պետական տուրք:

Տիգրան Խաչատրյանն առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Զեկուցողին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են պետտուրքի չափին, աշխատատեղերի պահպանման կարեւորությանը, ընկերությունների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելուն, ոլորտի խոշոր կազմակերպությունների հետագա գործունեությանը, տեղական արտադրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությանը, ներկրվող, մասնավորապես իրանական ցեմենտի ցածր որակին, վերամշակման ծախսերին եւ այլն:

Նիստի ավարտին ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվում է Գարեգին Բաղրամյանը՝ 85 կողմ եւ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ին:


18.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ
Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների խումբը, որոնք ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը, ապրիլի 18-ին խորհրդարանում հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Հայ...

18.04.2019
Քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 18-ին հանդիպել են ԱՄՆ-ի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ժողովրդավարական հարցերով աշխատակազմի տնօրեն Շալանդա Յանգի եւ Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Ջասթին Վայնի հետ: Հյուր...

18.04.2019
Խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց...

18.04.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ո...

18.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 20-22-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS