Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում Վարդավառի տոնի առթիվ միջոցառում էր կազմակերպվել:
Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, խոսելով միջոցառմանը հայկական գորգի բաղադրիչ ավելացնելու մասին, շեշտել է մշակույթի հանրայնացման անհրաժեշտությունը: «Վարդավառը մեր ամենաժողովրդական տոներից է, որը նշվում է դարեր ի վեր ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ Սփյուռքի գաղթօջախներում: Գորգագործությունը եւս կենդանի մշակույթ է, քանի որ այսօր էլ այն զարգանում եւ կատարելագործվում է եւ մեծ կարիք ունի հանրահռչակման: Պայծառակերպության, ինչպես եւ հայտնության խորհուրդը, որն ունի Վարդավառը, որոշեցինք համադրել նաեւ հայկական գորգերն առավել ճանաչելի դարձնելու գաղափարին»,- նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ միջոցառման հեռահար նպատակներից է օրակարգային դարձնել Հայաստանում հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ թանգարան ունենալու հարցը, ինչը հնարավորություն կտա հայոց հարուստ մշակույթի այս մասնիկն ըստ արժանվույն ներկայացնելու աշխարհին:
Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը:
Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացված ձեռագործ գորգեր: Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, մրցանակներ են հանձնվել քվեսթային խաղի հաղթողներին:
Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով: