ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրված աշխատանքային քննարկման ձեւաչափում շարունակել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները:
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ 2020-2022թթ. իր ղեկավարած կառույցը նախատեսում է իրականացնել երկու ծրագիր, որի համար 2020թ-ին հատկացվելու է շուրջ 4,402,901.2 հազար դրամ:
Ստեփան Մնացականյանը նշել է, որ «Ազգային պաշտոնական վիճակագրություն եւ տարածում» ծրագրի նպատակն է տնտեսական եւ հասարակական գործընթացների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրումն ու տարածումը:
«Վիճակագրական համակարգի ամրապնդման ազգային ռազմավարական ծրագրի» նպատակը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի, Հայաստանի վիճակագրական համակարգի զարգացումն է միջազգային չափանիշներին համապատասխան: Ծրագրով նախատեսվում է զարգացնել վերոնշյալ համակարգի կարողությունների եւ Կոմիտեի անձնակազմի մասնագիտական կարողությունները:
Քննարկման ընթացքում պատգամավորները մատնանշել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու հադես եկել մի շարք առաջարկներով: ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը պատասխանել է նաեւ հանձնաժողովականների հարցադրումներին: