Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության` Վրաստան կատարած այցի շրջանակում ՀՀ խորհրդարանականներն այցելել են Վրաստանի N 103 դպրոց:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի ուղեկցությամբ հայ խորհրդարանականները շրջել են դպրոցում, ծանոթացել պայմաններին, հանդիպել հայազգի աշակերտների հետ, ովքեր կազմակերպել էին թումանյանական ցերեկույթ հյուրերի համար:
Հայ խորհրդարանականները եղել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շինարարական հրապարակում, տեղում ծանոթացել վերակառուցման աշխատանքներին, որը կատարվում է վրացական «Քարթու» հիմնադրամի միջոցներով:
Պատվիրակությունը շրջայց է կատարել Վրաստանի Երիտասարդության պալատում, որտեղ գտնվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակը:
Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է «Ալիք Մեդիա» հայկական լրատվական կենտրոն, որտեղ էլ ՀՀ ԱԺ փոխնախագահը հարցազրույց է տվել:
ՀՀ ԱԺ պատվիրակության՝ հագեցած հանդիպումների շարքն ավարտվել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Թումանյանի տուն-թանգարանում կայացած հանդիպմամբ: Հայ խորհրդարանականները պատասխանել են ներկաների հարցերին` խոստանալով հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: