Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության հետ նոյեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:
Քննարկվել են միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ցավով նշել է, որ Արցախի Ազգային ժողովը ներկայացված չէ միջազգային կառույցներում եւ այդ համատեքստում կարեւորել է փոխգործակցությունն այս ուղղությամբ: Մասնավորապես` մտքեր են փոխանակվել միջկուսակցական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Արցախյան հարցը միջազգային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից է եւ համատեղ աշխատանքը կլինի շատ օգտակար: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որտեղ քննարկվելու է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցը, որն անմիջականորեն առնչվում է նաեւ Արցախին: Նա հավելել է, որ Վեհաժողովում ներկայացվող իր զեկույցի պատրաստմանն օգնել են արցախցի գործընկերները:
Հյուրերը կարեւորել են երկկողմ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: Նրանք նշել են, որ կա անհրաժեշտություն` մշակելու եւ ստորագրելու երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության նոր համաձայնագիր: Առաջարկ է հնչել Հայաստանի եւ Արցախի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերն անցկացնել տարին ոչ թե երկու, այլ չորս անգամ: