National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.01.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.01.2020
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանականները շարունակել են  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը, որի ընդունման նպատակը էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումն է: Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել է, որ թեեւ նախաձեռնության գաղափարը ողջունելի է, այնուամենայնիվ Կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ըստ նախագծի հիմնավորման՝ տիեզերքն ուսումնասիրելու ունակությունը անմիջապես կախված է մարդկության գիտական զարգացման մակարդակից, հետեւաբար, տիեզերական հետազոտությունների եւ արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որն իր հերթին կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը: Հայաստանում տիեզերական գործունեությունն այժմ կանոնակարգվում է միայն միջազգային իրավունքի նորմերով:

ՀՀ ԱԺ  տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արգիշտի Մեխակյանի հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակներն առաջարկում են պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով: Նախագծի ընդունումը նաեւ կնպաստի, որ հեշտ վարչարարությամբ մեծանան համայնքային բյուջեները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը: ՀՀ Կառավարության դիրքորոշումը առաջարկվող փոփոխությունների  վերաբերյալ դրական էր:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորների տեսակետները միանշանակ չէին, որոշ պատգամավորներ նշել են, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքով, բացի այդ, եթե նախագիծն ընդունվի, այն մոտ մեկ տարի է գործելու, քանի որ հարկային  օրենսդրության փոփոխություններ են նախատեսված 2021 թվականին:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի էին:  Միջուկային անվտանգության  կարգավորման կոմիտեի նախագահ  Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ օրենքի 17-րդ հոդվածում առաջարկվող լրացումների միջոցով կարգավորող մարմինն իրավունք կստանա՝ ընդունելու համար ենթաօրենսդրական ակտեր եւ ստորագրելու միջազգային պայմանագրեր, որոնք օրենքից դուրս են մնացել՝ կառույցից անկախ պատճառներով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ նախագծերով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվում են դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման եւ գործարկման, ինչպես նաեւ պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգերը: Բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձեւով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը:

Նախարարի խոսքով՝ հստակեցվելու է տնօրենի ընտրության գործընթացը: Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդը կանցկացնի հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին կտրվեն հարցեր՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Ստեփանյանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը հորդորել է քաղաքական գործիչներին, մասնավորապես պատգամավորներին, դուրս գալ խորհուրդների կազմերից:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նա, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հորդորին, նշել է, որ այն ժամանակավրեպ է, կրթական հաստատությունները զերծ են քաղաքականացվածությունից:

Կառավարության հեղինակած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախագծով կարեւորվում է երեխաների իրավունքների պաշտպանությունը, հատկապես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու եւ ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է:

Ըստ նախարարի՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելուն:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սոֆիա Հովսեփյանը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված հարցերը: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքները: 


24.01.2020
Տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ բարեկամության շրջանակը ձեւավորվել է 2019թվական...

24.01.2020
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսին: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS