Նոյեմբերի 16-ին խորհրդարան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
Հանդիպմանը չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
Հանդիպումն ընթացել է միայն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ձեւաչափով:
ՀՀ վարչապետը հարցերին պատասխանելուց առաջ հայտարարել է, որ ցավում է, որ ընդդիմությունը ներկա չէ, քանի որ սա լավ առիթ էր, որպեսզի այն բոլոր հարցերը, որոնք հնչեցվում են ամենատարբեր ամբիոններից, ի վերջո պատասխան ստանան: Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհնչեցնի այն բոլոր հարցերը, որոնք կհնչեցվեր նաեւ ընդդիմության կողմից:
Գործադրի ղեկավարը պատասխանել է պատգամավորների երեք տասնյակից ավելի հարցերին:
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ստեղծված իրավիճակում կառավարության առաջնահերթ խնդիրներից է լինելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը վերականգնելը եւ ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը:
«Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային երկխոսություն ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը եւ ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ առաջիկա ամենակարեւոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ: Վնասված տները, ենթակառուցվածքները կվերականգնվեն, տնտեսությունը կսկսի աշխատել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա ամենակարեւոր անելիքն է, որի ուղղությամբ ՀՀ եւ Արցախի կառավարությունները պետք է կենտրոնանան:
«Կառավարությունում արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու համար: Ծրագրի միտումը լինելու է այն, որ հետագա փուլերում այդ աջակցությունն արցախցիները կարող են ստանալ Արցախում»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով վերջին տարիների հայ-ռուսական հարաբերությունների մասին հնչող խոսակցություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես պաշտոնապես ասում եմ, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել: Երկրորդ միֆն այն է, որ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ եւ պատերազմի ընթացքը փոխվի, բայց ես փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողությունների բարենպաստ ընթացքից»,-ասել է նա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նաեւ, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում եւս կազմակերպել նման հանդիպում, որը, ըստ նրա, կլինի դռնփակ ձեւաչափով: