National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
01.05.2021
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով
1 / 20

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Արման Բաբաջանյանը, Գոռ Երանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպեցին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնեց, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրաքի օրենսդիր մարմինների գործունեությունն առաջիկայում եւս կլինի ավելի նպատակային առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: «Իրաքը կարեւոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Մեզ համար կարեւոր է տարածաշրջանային համագործակցությունը` հիմնված խաղաղ համագոյակցության վրա: Գաղտնիք չէ, որ վերջին տարին բավականին ծանր է եղել Հայաստանի համար»,-նշեց Ռուբինյանը՝ խոսելով համավարակի եւ Թուրքիայի աջակցությամբ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած ռազմական ագրեսիայի մասին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի իրաքյան կողմի նախագահին 2020 թվականի պատերազմի ժամանակ դրսեւորած զուսպ հայտարարության եւ պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչի համար: Խոսելով հայ-իրաքյան կապերի, պատմական ավանդույթների մասին՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններին, Հայոց ցեղասպանությանը:

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա եւս հույս հայտնեց, որ երկուստեք իրականացվող արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշեց, որ Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարեւան երկրների հետ խաղաղ, կայուն, հավասարակշիռ հարաբերություններ հաստատելուն: Նա բարձր գնահատեց Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի աշխատանքն ու դերակատարումը:

Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռիհան Հաննա Այուբը նշեց, որ Իրաքում ապրող հայերն ինքնատիպ ազգերից մեկն են եւ ընդգծեց Իրաքի խորհրդարանում հայազգի ներկայացուցչի՝ պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտության մասին:

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծեցին Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի կատարած աշխատանքները երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Նշվեց, որ 1930-ից Հայաստանում հրատարակվող Ռյա-Թազա պարբերականը, քրդերեն հեռարձակվող ռադիոհաղորդումը հայ ժողովրդի հետ պատմական ջերմ հարաբերությունների խոսուն օրինակներից են:

Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությունը: «Մերձավոր Արեւելքը մեզ համար կարեւոր տարածաշրջան է: Համոզված եմ, որ այս այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխշահավետ համագործակցությանը: Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով, ինչպես նաեւ կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը»: Նա տեղեկացրեց, որ 2021-ի փետրվարին այցելել է Իրաքի Հանրապետություն՝ մասնակցելու 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների վերահուղարկավորության ծեսին Բաղդադում եւ Սինջարում, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի եւ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել հոգեւոր խորհրդի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սինջարի փախստականների եզդիների ճամբար: Նա ցավով արձանագրեց, որ շուրջ 8 տարի է անցել, սակայն եզդիները դեռեւս փախստականների ճամբարում են եւ չեն կարողանում վերադառնալ հայրենի բնօրրան՝ Սինջար՝ կազմակերպելու իրենց բնականոն կյանքը: Ռուստամ Բաքոյանն անդրադարձավ Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հնարավորությունները պահպանելու ազգային դիմագիծը, կրոնը մշակույթն ու ինքնությունը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ երկու պետությունների ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ: Արման Բաբաջանյանն ընդգծեց, որ Իրաքի կառավարությունը եւ խորհրդարանը դիտարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: «Եթե մենք չենք դատապարտում ցեղասպանությունը, մենք այսօր, ըստ էության, նոր ցեղասպանությունների համար դուռ ենք բացում եւ հնարավորություններ ստեղծում»,-նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրաքյան հարաբերությունները հարատեւելու են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակադրմամբ:

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշեց, որ Իրաքն անցնում է բավականին դժվար շրջափուլ եւ կայունության անհրաժեշտություն ունի. «Կայունությունից հետո մենք կսկսենք նորովի վերակառուցել մեր երկիրը: Կվերանայվի մեր դերը միջազգային կառույցներում, կանդրադառնանք նաեւ պատմական դեպքերին: Լիահույս ենք, որ այս այցը նոր ազդակ կլինի հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման համար»: 


01.05.2021
Իրաքի խորհրդարանականներն այցելեցին Մատենադարան եւ Կապույտ մզկիթ
Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի եւ պատգամավոր  Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Մես...

01.05.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքա...

01.05.2021
Իրաքի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 1-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինս...

01.05.2021
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 03.05.2021 ժամը 10:00 314 սենյակ:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am